Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2021թ.
Հարգելի ընթերցող․
Սիրով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության հաշադրամներ» տարեկան հանդեսը՝ նվիրված 2021թ. ՀՀ կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներին:
Տարին հիշարժան էր Հայաստանի նորագույն պատմության նշանակալից իրադարձություններով, հայ անվանի անհատների հոբելյաններով, մշակութային տարեդարձերով:
2021թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում էր Երրորդ հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Արժևորելով անկախ Հայաստանի ձեռքբերումներն ու նվաճումները՝ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Հայաստանի Հանրապետության 30-ամյակ» հուշադրամը:
Պետական նշանակության մեկ այլ տարեդարձի՝ Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկը, ինչպես և ԱՊՀ որոշ անդամ պետությունների բանկեր, թողարկել և միջպետական հոբելյանական միջոցառումների նախօրեին շրջանառության մեջ է դրել «ԱՊՀ 30-ամյակ» հուշադրամը:
Գնահատելով հայ մեծանուն արվեստագետների ստեղծագործական ավանդը՝ թողարկվել են հայկական և համաշխարհային երաժշտական մշակույթի պատմության մեջ անփոխարինելի դերակատարում ունեցած կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հուշադրամները: Այս հանճարեղ անհատների արվեստի շնորհիվ հայկական երաժշտությունը տասնամյակներ շարունակ հնչել է ինքնատիպ և իր առանձնահատուկ տեղը զբաղեցրած համաշխարհային երաժշտական աշխարհում:
ՀՀ կենտրոնական բանկն իր թողարկումներով մշտապես կարևորել է հայ հասարակության կյանքում թատերական արվեստի դերը և, հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթին, թողարկել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100-ամյակին նվիրված հուշադրամները:
«Հայաստանը և միջազգային հանրությունը» թեմատիկ շարքի շրջանակում թողարկել է հայկական սփյուռքի ամենագեղեցիկ կրթական հաստատություններից մեկի՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամը: Այս, ինչպես նաև միջնադարի փիլիսոփա, հասարակական գործիչ և մանկավարժ, Հայոց եկեղեցում եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացու ծննդյան տարեդարձին նվիրված թողարկումներով կարևորվել է մշակութային-կրթական կենտրոնների և անհատների անուրանալի դերը հայեցի կրթության և դաստիարակության, հայ ժողովրդի ազգային դիմագծի պահպանման գործում:
Շարունակելով մոտ երկու տասնամյակի պատմություն ունեցող ավանդույթը՝ ՀՀ 2021թ. թողարկման հուշադրամները ներկայացվել են միջազգային դրամագիտական հողինակավոր մրցույթներում: Ռուսաստանի դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում որտեղ իրենց թողարկումներն են ներկայացրել 31 մասնակից կազմակերպություններ աշխարհի 22 երկրներից, «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը «Դասական հուշադրամ» անվանակարգում արժանացել է 3-րդ մրցանակի, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այս բարձր գնահատականներին ՀՀ կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներն արժանացել են ինքնատիպ գեղարվեստական ձևավորման, բովանդակային հետաքրքիր լուծումների և հատման արդիական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
Մարտին Գալստյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2021թ.
․