Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2022թ.
Հարգելի ընթերցող.
Սիրով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2022» տարեկան հանդեսը:
ՀՀ կենտրոնական μանկը 2022թ. հուշադրամների թողարկման տարեկան ծրագրով թողարկել է պատմական և մշակութային մի շարք հիշարժան իրադարձություններին նվիրված հուշադրամներ` մեկ անգամ ևս ընդգծելով դրանց արժևորման ու հանրահռչակման անհրաժեշտությունը ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության և դրամագիտական հանրույթի շրջանում:
2022թ. հունվարի 28-ին նշվեց Հայաստանի ազգային բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը: Պետական նշանակություն ունեցող այս իրադարձության կապակցությամբ թողարկվել են երկու տեսակի հուշադրամներ` ընդգծելով հայոց բանակի` որպես անվտանգության պահպանման կարևորագույն երաշխավորի դերն ու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:
Հայ բանաստեղծ և մշակութային հասարակական գործիչ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին ՀՀ կենտրոնական բանկն արձագանքեց ոսկե հուշադրամի թողարկմամբ` արժանին մատուցելով մեծանուն բանաստեղծի հիշատակին:
Գնահատելով ևս մեկ նշանավոր հայի, ում կյանքն ու ստեղծագործական ուղին արվեստին անձնվեր ծառայելու վառ օրինակ է, և արժևորելով նրա ստեղծագործական ինքնատիպությունը` 2022թ. թողարկվել է դիրիժոր և կոմպոզիտոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամը: Եղիշե Չարենցի և մաեստրո Օհան Դուրյանի հոբելյանների կապակցությամբ տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ, որոնց պատվավոր մասնակիցն է եղել նաև ՀՀ կենտրոնական բանկը:
Տարվա թողարկումները համալրվել են ևս մեկ հուշադրամով` նվիրված 18-րդ դարի հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդ Դավիթ Բեկին, ով հայ ժողովրդի ճակատագրի ու ազատագրման համար անձնուրաց պայքար մղած նվիրյալ է:
2022 թվականից ՀՀ կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել համաշխարհային գիտության մեջ հայ գիտնականների ներդրումներին վերաբերող հուշադրամների շարքի թողարկմանը: Շարքի անդրանիկ թողարկումը Մենդելեևի պարբերական աղյուսակի արհեստական ռադիոակտիվ տարրին նվիրված «Օգանեսոն (Og)» անվանմամբ հուշադրամն է: «Og» տարրը սինթեզվել է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ և 2016թ. Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից անվանակոչվել է նրա անունով:
ՀՀ կենտրոնական բանկը, պահպանելով ՀՀ հուշադրամները դրամագիտական հեղինակավոր մրցույթներումներում ներկայացնելու ավանդույթը, 2021թ. թողարկման հուշադրամները ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2022» 16-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցել են երկու տասնյակից ավելի կազմակերպություններ: ՀՀ կենտրոնական բանկն ունեցել է աննախադեպ հաղթանակ. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամն արժանացել է մրցանակների միաժամանակ երեք անվանակարգերում` «Տարվա հուշադրամ», «Գեղարվեստական հաջող լուծում» և «Հանդիսատեսի համակրանք»:
Համոզված եմ, որ 2022թ. թողարկված հուշադրամները ևս, շնորհիվ յուրահատուկ գեղարվեստական ձևավորման և բովանդակային լուծումների, թեմատիկ առանձնահատկությունների և հատման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, իրենց ուրույն տեղը կգտնեն հայ և համաշխարհային դրամագիտության պատմության էջերում:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Հայաստանի Հանրապետության հուշադրամներ - 2022թ․
.