ՀՀ ԿԲ բանբեր (2001թ. 2-րդ եռամսյակ)

Մակրոտնտեսական իրավիճակը

ՀՀ տնտեսության 2001 թվականի առաջին կիսամյակի մակրոմիջավայրին բնորոշ էր տնտեսական աճի վրա ամբողջական պահանջարկի ազդեցության խորացումը: Առկա մակրոտնտեսական միջավայրի և տնտեսական ակտիվության նման զարգացումը հատկապես կարևորվել էր դրամավարկային քաղաքականության ծրագրում` պայմանավորված վերջին տարիների տնտեսական աճի վրա ամբողջական առաջարկի գերակայող ազդեցությամբ:

Այդուհանդերձ, ամբողջական պահանջարկի վերաբերյալ ծրագրում արտացոլված սպասումները գրեթե իրականացան. չնայած փաստացի ցուցանիշների որոշակի շեղմանը՝ զարգացման ծրագրված հիմնական միտումները պահպանվեցին: Տնտեսությունում հաշվետու ժամանակաշրջանում անվանական ՀՆԱ-ն ավելացվել է 10.7%-ով, որի պայմաններում գրանցվել է 6.6% տնտեսական աճ և ՀՆԱ դեֆլյատորի 103.8% մակարդակ: Մինչդեռ կիսամյակի համար ծրագրված էր անվանական ՀՆԱ-ի 12.4% և իրական ՀՆԱ-ի 9.1% աճ, ՀՆԱ դեֆլյատորի 102.8% մակարդակ, իսկ տարվա համար ծրագրված տնտեսական աճը 6.5% էր:

Նախորդ տարիների առաջին կիսամյակների համեմատությամբ համախառն պահանջարկի և տնտեսական ակտիվության աճի ձևավորված համամասնությունները արտահայտվել են նաև սղաճի ցուցանիշներում. համախառն առաջարկի նկատմամբ պահանջարկի գերազանցումը լրացուցիչ ազդեցություն է ունեցել գների մակարդակի վրա:

Սղաճի ցուցանիշները կիսամյակի ընթացքում և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար կազմել են 3.8% և 3.3%՝ ծրագրված 3.8% և 2.5%-ի փոխարեն: