ՀՀ ԿԲ բանբեր (2002թ. 1-ին եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2002 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական միջավայրին բնորոշ էր ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային ծրագրով նախատեսվածի համեմատ ցածր տնտեսական ակտիվությունը: Ընդհանուր առմամբ, ծրագրով ակնկալվում էր, որ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների ազդեցությամբ պայմանավորված արտադրական ներուժի ընդլայնումը և եկամուտների աճը անխուսափելիորեն կփոխանցվեն նաև 2002 թվական: Ընդ որում, 2002 թվականին ակնկալվող զգալի կապիտալ ներհոսքը լրացուցիչ ակտիվություն պետք է մտցներ տնտեսության ճյուղերում և հանգեցներ տնտեսական աճի բարձր մակարդակի, որը հաշվի առնելով՝ 2002 թվականի առաջին եռամսյակի համար ծրագրվել էին նպատակային հետևյալ ցուցանիշները. տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 13.7%, ՀՆԱ դեֆլյատոր՝ 4.6%, սղաճը՝ 3.1% (ժամանակահատվածի վերջի դրությամբ):
Նախորդ տարվանից նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպերը պետք է նպաստեին ինչպես ներքին պահանջարկի, այնպես էլ արտահանման աճին:
Իր հերթին՝ համախառն առաջարկի կառուցվածքում բարձր տնտեսական աճին առավելագույնս պետք է նպաստեր շինարարության (պայմանավորված արտաքին աղբյուրներից միջոցների ներհոսքով), արդյունաբերության (պայմանավորված արտահանման աճով), ինչպես նաև ծառայությունների (պայմանավորված բնակչության եկամուտների աճով) ճյուղերում նկատված բարձր ակտիվությունը:
Այնուամենայնիվ 2002 թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ գրանցվել են տնտեսական աճի 7.4%, ՀՆԱ դեֆլյատորի 1.0% և սղաճի ցուցանիշի (ժամանակահատվածի վերջ) 0.9 % մակարդակներ: Ստեղծված մակրոտնտեսական միջավայրին նպաստել է նաև սպասվածից ցածր արտաքին կապիտալ ներհոսքը (մասնավորապես Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող կապիտալ տրանսֆերտը և պարենային ապահովման դրամաշնորհը), ինչպես նաև ստացված արտաքին միջոցների (ԿԲՎ-ի՝ 2001 թվականից 2002 թ. տեղափոխված 14.3 մլն ԱՄՆ դոլար) մի մասի հաշվին չնախատեսված արտաքին պարտավորությունների վճարումը: Արդյունքում՝ դրամավարկային ծրագրով նախատեսված ամբողջական պահանջարկի անհրաժեշտ ընդլայնում տեղի չի ունեցել: