ՀՀ ԿԲ բանբեր (2003թ. 3-րդ եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2003 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված 15% տնտեսական աճը վկայում էր, որ հետագա զարգացումները տատանվելու են այդ ցուցանիշի շրջանակներում: Երրորդ եռամսյակի ընթացքում տնտեսական աճի տեմպերը կրկնակի գերազանցել են ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված ցուցանիշը: Փաստացի արդյունքներով՝ ինն ամիսներին գրանցվել է 15.2% տնտեսական աճ՝ ծրագրված 7%-ի փոխարեն:
Շարունակվել է նախորդ տարիներին արդյունաբերության և կապիտալ շինարարության ճյուղերում նկատված աճի բարձր տեմպերի դրսևորումը: Ընդ որում, նշված ճյուղերի մասնակցությունը ՀՆԱ աճին վեց ամիսներին գրանցված 8.7 տոկոսային կետից ինն ամիսների ընթացքում վերաճել է 10.4-ի:
Բարձր աճ է գրանցվել նաև սպառման և ներդրումների ծավալներում, որոնք գրեթե կրկնակի գերազանցել են ծրագրով նախատեսված ցուցանիշները և համապատասխանաբար կազմել 10.3% և 36.3%: Դրանով պայմանավորված՝ 13.6%-ով ավելացել է նաև ներքին պահանջարկը: Նման իրավիճակում ժամանակահատվածի վերջի դրությամբ սղաճի և միջին սղաճի ցուցանիշները բարձր են եղել ՀՀ դրամավարկային քաղաքականությամբ նախատեսված ցուցանիշներից: Ընդ որում, ժամանակահատվածի վերջի դրությամբ սղաճի ցուցանիշի շեղումը գերազանցել է միջին սղաճի ցուցանիշի շեղումը` ծրագրային 2.2% գնանկման փոխարեն գրանցվել է 1.1% սղաճ: Միջին սղաճի ցուցանիշը ծրագրայինից շեղվել է 0.7 տոկոսային կետով և կազմել 3.8%: Հարկ է նշել, որ դիտարկվող ժամանակահատվածում, բացի այն, որ բնակչության եկամուտների աճը պետք է դրական ազդեցություն ունենար շուկայում ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի վրա, հունիս ամսից նկատված՝ հացի գների շարունակական աճը ևս հանգեցրեց սղաճի բարձր մակարդակի ձևավորման: Դրան նպաստել է նաև անբարենպաստ բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ գյուղմթերքների սեզոնային համեմատաբար ցածր առաջարկը, որի հետևանքով հունվար-սեպտեմբերին գյուղմթերքների գների մակարդակները բարձր են եղել: