ՀՀ ԿԲ բանբեր (2003թ. 2-րդ եռամսյակ)

Մակրոտնտեսական իրավիճակը

2003 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում տնտեսական աճի տեմպերը գերազանցել են նախորդ եռամսյակում գրանցված մակարդակը. առաջին եռամսյակում գրանցված 11.4% տնտեսական աճը կիսամյակի արդյունքներով վերաճել է 14.8%-ի: Թեև նման միտումը կանխատեսվել էր ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրով, այնուամենայնիվ փաստացի ցուցանիշը 6.2 տոկոսային կետով գերազանցել է ծրագրով նախատեսվածը:

Կիսամյակի արդյունքներով` շարունակվել է արդյունաբերության և կապիտալ շինարարության ճյուղերի` նախորդ տարիներից նկատված աճի բարձր տեմպերի դրսևորումը, որն էլ իր հերթին էապես նպաստել է տնտեսական աճի բարձր մակարդակի ձևավորմանը և ապահովել վերջինիս 8.7 տոկոսային կետը:

Կիսամյակի ընթացքում, սպառման և ներդրումների ծավալների զգալի աճով պայմանավորված, ներքին պահանջարկի աճը նույնպես բարձր է եղել և գերազանցել է դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված ցուցանիշը 6.0 տոկոսային կետով: Այս պայմաններում թեև ժամանակահատվածի միջին սղաճի ցուցանիշը գրեթե համընկել է ծրագրված 3.1%-ին և կազմել 3.2%, այնուամենայնիվ ժամանակահատվածի վերջի դրությամբ սղաճի ցուցանիշը շեղվել է ծրագրից 3.5 տոկոսային կետով և կազմել 6.8%: Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ թեև դրամավարկային քաղաքականության ծրագրով սղաճի վարքագծի համեմատաբար հարթ սցենար էր նախատեսված, այդուհանդերձ ինչպես ներքին պահանջարկի զգալի աճը, այնպես էլ սեզոնային որոշ գործոնների և հացի գների աճի ազդեցությունը նպաստել են գների՝ ծրագրվածից բարձր մակարդակի ձևավորմանը: