ՀՀ ԿԲ բանբեր (2005թ. 3-րդ եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2005 թվականի ինն ամիսների մակրոտնտեսական իրավիճակը կարելի է բնութագրել բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի դրսևորումներով: Մասնավորապես՝ տնտեսական աճը, գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 1.3 տոկոսային կետով, կազմել է 11.6%, իսկ գնաճը 2004 թվականի դեկտեմբերի նկատմամբ կազմել է -3.6%` նախորդ տարվա -1.3%-ի փոխարեն: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ՀՆԱ դեֆլյատորի 103.8% մակարդակ, մինչդեռ նախորդ տարի այն զգալի բարձր էր՝ 107.1%:
Բարձր տնտեսական աճի վրա էական ազդեցություն է ունեցել մասնավոր հատվածի սպառման և ներդրումների աճը՝ պայմանավորված նախորդ մի քանի տարիների եկամուտների բարձր աճով, արտաքին ներդրումների և տրանսֆերտների աճով, ինչպես նաև ներդրումային դաշտի շարունակական բարելավմամբ: Համախառն առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին առավելապես նպաստել են շինարարության և արդյունաբերության ճյուղերը: Ընդ որում, եթե շինարարության աճը հիմնականում մասնավոր հատվածի՝ բնակչության և կազմակերպությունների կողմից կատարված ներդրումների արդյունք էր, ապա արդյունաբերության աճին էապես նպաստել է մետաղագործական արդյունաբերության ճյուղում գրանցված բարձր աճը՝ պայմանավորված արտաքին շուկաներում գունավոր մետաղների պահանջարկի աճով:
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2005 թվականի ինն ամիսների ընթացքում ավելացել է 32.2 տոկոսով՝ պայմանավորված և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալների աճով: Ընթացիկ հաշիվը 2005 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 117 մլն ԱՄՆ դոլար՝ 2004 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 33 մլն ԱՄՆ դոլարով: Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 3.7 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 2.9 տոկոսային կետով: Մակրոտնտեսական իրավիճակի ձևավորման վրա շարունակել են էական ազդեցություն ունենալ արտաքին գործոնները՝ ֆինանսական զգալի ներհոսքի ձևով, ինչպես նաև տնտեսությունում շարունակվել է դրամայնացման գործընթացը: ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար իրականացրել է արտարժույթի առքի գործառնություններ, որոնք հաճախ զուգորդվել են իրացվելիություն ներքաշող գործիքների կիրառմամբ՝ գնաճային ճնշումներից խուսափելու համար:
2005 թվականի ինն ամիսների ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ծրագրվածի համեմատ պակաս ընդլայնող էր. առաջին կիսամյակի ընթացքում ունեցել է խնայողական վարքագիծ, իսկ երրորդ եռամսյակում՝ ծրագրի շրջանակներում էր: