ՀՀ ԿԲ բանբեր (2005թ. 2-րդ եռամսյակ)

Մակրոտնտեսական իրավիճակը

2005 թվականի առաջին կիսամյակում, գնաճի ցածր մակարդակի պայմաններում, շարունակվեցին տնտեսական աճի բարձր տեմպերը, որի արդյունքում տնտեսական աճը, 1 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը, կազմել է 10.2%, գնաճը 2004թ. դեկտեմբերի նկատմամբ՝ 1.4%, իսկ ՀՆԱ դեֆլյատորն ավելացել է 6.0%-ով:

Կիսամյակի ընթացքում տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակի վրա իր ազդեցությունն է թողել նախորդ տարիներին արձանագրված արտաքին ֆինանսական ներհոսքը՝ մեծածավալ արտաքին ներդրումները և մասնավոր տրանսֆերտները: Վերջինիս արդյունքում որոշակիորեն արժևորվել է դրամի փոխարժեքը՝ նպաստելով տնտեսությունում ընթացող դրամայնացման գործընթացին: Տնտեսական բարձր աճը համախառն առաջարկի մասով պայմանավորվել է առաջին հերթին շինարարության և գյուղատնտեսության ճյուղերում արձանագրված աննախադեպ բարձր իրական աճով: Ընդ որում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 10.2% իրական աճը պայմանավորվել է բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում ստացված բարձր բերքատվությամբ, իսկ կապիտալ շինարարության ծավալների ավելացումը՝ հիմնականում կազմակերպությունների և բնակչության կողմից իրականացվող շինարարության աճով:

Համախառն պահանջարկի մասով շինարարության աճի բարձր տեմպերն արտացոլվեցին մասնավոր ներդրումների աճի տեմպի ցուցանիշում, իսկ գյուղատնտեսության արտադրանքի աճը արտահայտվեց մասնավոր սպառման, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմամբ: Արտահանման ծավալների աճի բարձր տեմպը պայմանավորվել է նաև արտաքին շուկաներում մշտական բարձր պահանջարկ ունեցող գունավոր մետաղների արտահանման ծավալների ավելացմամբ: 2005 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ծրագրվածի համեմատ պակաս ընդլայնող էր, իսկ ծախսումների մասով այն խիստ անհավասարաչափ էր բաշխված կիսամյակի ընթացքում (պետական ծախսերի զգալի մասը կատարվել է եռամսյակների վերջին ամիսների կեսից):

Տնտեսական աճի՝ նախատեսվածից բարձր և գնաճի ցածր մակարդակների պարագայում դրամի արժևորման արդյունքում տնտեսությունում սկսված դրամայնացման գործընթացը խթանելու համար ՀՀ կենտրոնական բանկը 2005 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պարբերաբար հանդես է եկել արտարժույթի առքի գործառնություններով, որոնք, գնաճային ճնշումներից խուսափելու նպատակով, զուգորդվել են իրացվելիությունը ներքաշող գործիքների կիրառմամբ: