ՀՀ ԿԲ բանբեր (2005թ. 1-ին եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2005 թվականի առաջին եռամսյակում շարունակվել են դրսևորվել բարձր տնտեսական աճի միտումներ, որոնց արդյունքում գրանցված տնտեսական աճը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Տնտեսական աճը կազմել է 7.8%, ՀՆԱ դեֆլյատորն աճել է 6.2%-ով, իսկ գնաճը 2004թ. դեկտեմբերի համեմատ ավելացել է 3.7%-ով՝ դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված տնտեսական աճի 7.3%, դեֆլյատորի աճի 3.5% և գնաճի 2.2% ցուցանիշների պարագայում:
Հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի ձևավորման վրա շարունակել են էական ազդեցություն ունենալ արտաքին գործոնները, մասնավորապես՝ նախորդ տարիներից փոխանցված ֆինանսական զգալի ներհոսքը: Արտարժութային միջոցների մեծածավալ ներհոսքը, փոխարժեքի արժևորման միջոցով, նպաստել է դրամայնացման գործընթացին, որն արտահայտվել է փոխարժեքի արժևորմամբ:
2005 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է տնտեսական աճի տեմպի համեմատ սպառման առաջանցիկ աճի տեմպ, որը ինչպես նախորդ տարիների տնտեսական աճի, այնպես էլ մասնավոր տրանսֆերտների աճով պայմանավորված՝ եկամուտների աճի հետևանք էր: Դա հիմնականում արտահայտվել է պարենային ապրանքների պահանջարկի աճով, որը գյուղատնտեսական մթերքների սեզոնային սահմանափակ առաջարկի պայմաններում նպաստել է այդ ապրանքախմբի գների բարձրացմանը:
Առաջին եռամսյակում գրանցված կապիտալ ներդրումների զգալի ավելացումը համախառն առաջարկի բաղադրատարրերում արտահայտվել է կապիտալ շինարարության ծավալների աճով: Արտաքին հատվածում ապրանքաշրջանառությունը ավելացել է 28.1%-ովª պայմանավորված ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ծավալների աճով: Այնուամենայնիվ, ՀՆԱ-ում ընթացիկ հաշվի, ներառյալ պաշտոնական տրանսֆերտները, ճեղքվածքի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվել՝ կազմելով մոտ 21.3%:
Եռամսյակի ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող ազդեցություն է ունեցել տնտեսության վրա՝ ծրագրված փոքր-ինչ ընդլայնողի պարագայում: Ընդ որում, ծախսումների մասով այն խիստ անհավասարաչափ էր բաշխված եռամսյակի ընթացքում (պետական ծախսերի զգալի մասը կատարվել է եռամսյակի վերջին ամսվա կեսից): Դրամի արժևորման հետևանքով տնտեսությունում սկսված դրամայնացման գործընթացը խթանելու համար ՀՀ կենտրոնական բանկը հաշվետու եռամսյակի ընթացքում պարբերաբար հանդես է եկել արտարժույթի առքի գործառնություններով, որը գնաճային ճնշումներից խուսափելու նպատակով զուգորդվել է իրացվելիությունը ներքաշող գործիքների կիրառմամբ:
Արդյունքում՝ 2005 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը ընթացել է ծրագրվածի շրջանակներում: