ՀՀ ԿԲ բանբեր (2004թ. 3-րդ եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2004 թվականի առաջին ինն ամիսներին գրանցված տնտեսական աճի ցուցանիշը թեև ցածր է եղել նախորդ տարվա ցուցանիշից, այնուամենայնիվ շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա: 2004 թ. առաջին երեք եռամսյակների տնտեսական աճը կազմել է 10.3%, ՍԳԻ-ն՝ 98.7% և ՀՆԱ դեֆլյատորը՝ 107.1% (դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվել էր, համապատասխանաբար, 8.5%, 99.9% և 105.3%):
Բնակչության եկամուտների շարունակական աճը hաշվետու ժամանակահատվածում արտահայտվել է մասնավոր հատվածի սպառման և ներդրումների աճով, ինչպես նաև նպաստել է մատուցվող ծառայությունների աճին և շինարարության ոլորտի բարձր աճի տեմպերի պահպանմանը: 2004 թվականի ինն ամիսների ընթացքում գյուղատնտեսությունում արձանագրվել է թողարկման ծավալների աննախադեպ աճ:
Ի տարբերություն իրական հատվածի՝ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվել է զսպող:
Արտաքին հատվածում դանդաղել են ապրանքաշրջանառության աճի տեմպերը՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր հոդվածի և՛ ներմուծման, և՛ արտահանման ծավալների նվազմամբ:
Նշված պայմաններում իրականացված դրամավարկային քաղաքականությունն ընթացել է ծրագրի շրջանակներում: