ՀՀ ԿԲ բանբեր (2004թ. 2-րդ եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2004 թվականի առաջին կիսամյակում գրանցված տնտեսական աճի ցուցանիշը թեև նախորդ տարիների համեմատ ցածր է եղել, սակայն դրա մակարդակը շարունակում է մնալ բարձր: Հաշվետու ժամանակաշրջանում ձևավորված մակրոտնտեսական միջավայրը կրել է բնակչության եկամուտների աճի ազդեցությունը, ինչը հանգեցրել է մասնավոր սպառման և ներդրումների՝ դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվածից բարձր ցուցանիշների: Բնակչության եկամուտների զգալի աճը անդրադարձել է նաև առաջարկի վրա՝ ավելացնելով ծառայությունների ոլորտի մասնաբաժինը տնտեսական աճի ձևավորմանը: Կիսամյակի առանձնահատկություններից է նաև արտահանման (առանց «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքախնբի) և մասնավոր տրանսֆերտների աճը, որոնք հանգեցրել են դրամի փոխարժեքի արժեքավորման:
Այս ամենը, բնականաբար, պետք է նպաստեին գնաճիբ բարձր մակարդակի ձևավորմանը, որը, սակայն, որոշ չափով չեզոքացվել է ներմուծման ծավալների աճով: Նման պայմաններում իրականացված դրամավարկային քաղաքականությունն ուղղված էր բարձր գնաճի զսպմանը, և արդյունքում կիսամյակի ընթացքում արձանագրվել է ծրագրված մակարդակից ավելի ցածր ցուցանիշ: Դա վկայում է, որ տարեկան մինչև 3% գնաճի ցուցանիշի ապահովումն ավելի քան իրատեսական է:
Նշված զարգացումների արդյունքում 2004 թ. առաջին կիսամյակի տնտեսական աճը կազմել է 9.2%, ՍԳԻ-ն՝ 104.5% և ՀՆԱ դեֆլյատորը՝ 106.2% (դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվել էր, համապատասխանաբար՝ 8.0%, 105.2% և 106.6 %):