ՀՀ ԿԲ բանբեր (2004թ. 1-ին եռամսյակ)
Մակրոտնտեսական իրավիճակը
2004 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված մակրոտնտեսական զարգացումները որոշակիորեն տարբեր էին նախորդ երկու տարիներին դրսևորված միտումներից. հատկանշական են համախառն պահանջարկի կառուցվածքային փոփոխությունները:
Մասնավորապես՝ 2004 թ. առաջին եռամսյակի 7.5% տնտեսական աճի պարագայում մասնավոր սպառումը զգալի՝ 6.3%-ով ավելացել է, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, 11.8% տնտեսական աճի պայմաններում, մասնավոր սպառման աճը ընդամենը 8.7% էր: Մասնավոր ներդրումների աճը կազմել է 3.2%, մինչդեռ 2003թ. առաջին եռամսյակում մասնավոր ներդրումների աճը գերազանցել էր ՀՆԱ աճի տեմպը և կազմել 17.7%: Նշվածը հիմնականում բացատրվում է վերջին երկու տարիներին տնտեսությունում դրսևորված ճյուղային զարգացումներով: 2002 - 2003 թվականներին արձանագրվել է շինարարության ծավալների բարձր աճ. շինարարական աշխատանքների ծավալները կրկնապատկվել են, որի արդյունքում շինարարության կշիռը ՀՆԱ-ում 2001 թվականի 9.6%-ի փոխարեն 2003 թվականին կազմել է 15.5%: Իսկ քանի որ աշխատավարձի կշիռը շինարարության ավելացված արժեքում մեծ է, ուստի ճյուղի բարձր տնտեսական աճի հաշվին տնտեսությունում եկամուտները հարաբերականորեն հավասարաչափ են բաշխվել: Հիմնվելով այն ենթադրության վրա, որ մեր տնտեսությունում աշխատավարձը մեծամասամբ ուղղվում է սպառմանը, իսկ ներքին ներդրումները հիմնականում կատարվում են շահույթից՝ կարելի է եզրահանգել, որ վերջին երկու տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճը նպաստել է մասնավոր սպառման աճի տեմպերի հարաբերական արագացմանը և հակառակը՝ ներքին խնայողությունների նվազման հաշվին ներդրումների աճի տեմպերի հարաբերական դանդաղեցմանը:
Համաձայն Դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ առաջին եռամսյակում կանխատեսվել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական ՀՆԱ աճի 10% ցուցանիշ: Փաստացի արդյունքներով նախորդ ժամանակահատվածի համեմատ արձանագրված իրական ՀՆԱ աճը զիջել է կանխատեսված մակարդակը 2.5 տոկոսային կետով և կազմել 7.5%:
Համախառն պահանջարկի բաղադրատարրերից ներքին պահանջարկը 2004 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է 7.8%-ով (աճը համընկել է ծրագրային մակարդակին)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 11.5%-ի փոխարեն: Ընդ որում, եթե սպառումը գերազանցել է ծրագրային մակարդակը, ապա ներդրումները սպասվածից զգալի ցածր են եղել:
2004 թ. առաջին եռամսյակում համախառն սպառման իրական աճը, նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ, կազմել է 7.7%՝ ծրագրային ցուցանիշից 1.2 տոկոսային կետով բարձր: 7.5% տնտեսական աճին զուգահեռ արձանագրվել է մասնավոր սպառման 6.4% աճ՝ պայմանավորված նախորդ երկու տարիներին տնտեսական աճի մեջ եկամուտների համեմատաբար հավասարաչափ բաշխում ապահովող ճյուղի՝ շինարարության բարձր մասնակցությամբ և նախորդ մի քանի տարիների տնտեսական աճի բարձր տեմպերով:
Համախառն ներդրումները հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, ավելացել են ընդամենը 8.9 %-ով (8.6 տոկոսային կետով ցածր ծրագրային մակարդակից)՝ նախորդ տարվա 21.3% աճի փոխարեն: Զգալի դանդաղել են մասնավոր ներդրումների աճի տեմպերը: Նախորդ տարվա առաջին եռամսյակի 17.7% աճի փոխարեն 2004 թ. առաջին եռամսյակի աճը կազմել է ընդամենը 3.2%` մոտ կիսով չափ պակաս ծրագրային մակարդակից: Մասնավոր ներդրումների աճի տեմպերի դանդաղումը հիմնականում պայմանավորվել է նախորդ տարում գրանցված աճի բարձր տեմպերով:
Համախառն ներդրումների աճի ցուցանիշի՝ ծրագրայինից շեղումը բացատրվում է նաև պետական ներդրումների ծրագրային և փաստացի մակարդակների զգալի շեղմամբ: Եռամսյակային տվյալներով՝ պետական ներդրումների աճը կազմել է 18.7%, մինչդեռ ծրագրվել էր 37.1%2:
Արտաքին հատվածի զարգացումները չեզոք ազդեցություն են ունեցել ամբողջական պահանջարկի վրա: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ զուտ արտահանումը գրեթե փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ ծրագրվել էր 12.9% աճ: Զուտ արտահանման շեղումը ծրագրային մակարդակից հիմնականում պայմանավորվել է արտահանման գների բարձր աճով, որը հանգեցրել է արտահանման իրական ծավալների՝ կանխատեսվածից քիչ աճի: