ՀՀ ԿԲ բանբեր (2007թ. 3-րդ եռամսյակ)

Ներածություն

2007 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` նախորդ եռամսյակի նկատմամբ արձանագրվել է 3.9% գնանկում, որի պարագայում տ/տ գնաճը կազմել է 2.7%: Այն տարվա համար նախատեսված տատանման թույլատրելի միջակայքում է, չնայած առավելապես մոտ է ներքին սահմանին, ինչն էլ հիմնականում պայմանավորվել է 2006 թ. օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում դրամավարկային պայմանների խստացմամբ (ռեպո տոկոսադրույքի 0.75 տոկոսային կետով բարձրացում) և գյուղմթերքների սեզոնային ավելի խորը գնանկմամբ (նպաստումը` -1.2%): Սպառողական գների զամբյուղի երեք խոշոր բաղադրիչների՝ պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները համապատասխանաբար աճել են տ/տ 3.8%, -2.1% և 3.3%-ով:

Չնայած 2007 թ. առաջին կիսամյակի գնաճի զարգացումներն ընթացել են արտաքին միջավայրից գնաճային թույլ ճնշումների և տնտեսությունում համախառն առաջարկի ու պահանջարկի գնահատված հավասարակշռության պայմաններում, այնուամենայնիվ, հաշվի առնելով հունիսին ցորենի միջազգային գների զգալի աճը և միջազգային շուկայում պարենային այլ ապրանքների (կաթնամթերք, մսամթերք, բուսական յուղեր, սուրճ) գների աճի հավանականությունը, ԿԲ-ն երկրորդ կիսամյակից հետամուտ եղավ դրամավարկային խիստ պայմաններով քաղաքականության իրականացմանը. հուլիսի 4-ին բարձրացրեց ռեպո տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 4.75%: Միաժամանակ, պահպանելով մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքները ռեպո գործառնության տոկոսադրույքից հավասարաչափ հեռացված լինելու դրույթը, դրանք նույնպես բարձրացվեցին 0.25 տոկոսային կետով:

2007 թվականի երրորդ եռամսյակում տնտեսության իրական աճի տեմպերը զգալիորեն ավելացել են՝ տ/տ 15.4%, որը հիմնականում պայմանավորվել է շինարարության, ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերում ավելացված արժեքի իրական աճի բարձր տեմպերով: Ըստ եռամսյակի արդյունքների՝ դրանք կազմել են համապատասխանաբար տ/տ 18%, 16.6% և 13.8%:

Հաշվետու եռամսյակում ներքին պահանջարկի իրական աճը կազմել է տ/տ 13.3%՝ պայմանավորված մասնավոր սպառման 11% և մասնավոր ներդրումների 17.2% աճով: Պետական սպառման և պետական ներդրումների իրական աճը երրորդ եռամսյակում համապատասխանաբար կազմել է տ/տ 14.7% և 29.4%:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ երրորդ եռամսյակում արձանագրվել է տնտեսության միջին անվանական և իրական աշխատավարձերի աճ՝ համապատասխանաբար 20.3% և 23.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 23% և 17.4%): 2007 թվականի անցած 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազրկության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 7.2%: Գնաճի վրա աշխատանքի շուկայի ազդեցությունը շարունակում է խթանող լինել, քանի որ արտադրողականության եռամսյակային աճի տ/տ ցուցանիշը` 15%, դեռևս ցածր է աշխատավարձի աճի ցուցանիշից:

2007 թվականի երրորդ եռամսյակում ևս ընթացիկ հաշվի պակասուրդը խորացել է (տ/տ 16.6 մլն ԱՄՆ դոլարով)՝ հիմնականում պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով (տ/տ 168.9 մլն ԱՄՆ դոլարով): Ընդ որում, ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը, անցած ինն ամիսների արդյունքներով, կազմել է 4.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2.0%): Ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը տեղի է ունեցել արտահանման տ/տ 25.6% և ներմուծման 47.5% աճի արդյունքում: Եռամսյակի ընթացքում բանկային համակարգով ստացված ոչ առևտրային բանկերի փոխանցումների զուտ ներհոսքը ավելացել է տ/տ 46.3%-ով:

Ըստ 2007 թվականի երրորդ եռամսյակի արդյունքների՝ անցած ինն ամիսների ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է փոքր-ինչ`0.3% ընդլայնող ազդեցություն, որը հիմնականում պայմանավորվել է հարկային եկամուտների գերակատարմամբ (1.3% զսպող ազդեցություն) և կատարված ծախսերով (1.6% ընդլայնող ազդեցություն):

Հաշվետու եռամսյակում դրամավարկային միջավայրը, ինչպես և սպասվում էր, արձնագրվել է դրամայնացման ակտիվ գործընթացով, ինչն արտահայտվել է փողի ագրեգատների դրամային բաղադրատարրերի բարձր աճով. դրամային զանգվածի տ/տ աճը եռամսյակի վերջին կազմել է 61.3%, որը պայմանավորվել է շրջանառությունում գտնվող կանխիկի և դրամային ավանդների համապատասխանաբար 50.7% և 78.9% աճով: Դրամի շարունակական արժեքավորման պայմաններում դրամային արտահայտությամբ արտարժութային ավանդների համեմատաբար փոքր՝ 5.3% աճի հետևանքով փողի զանգվածն ավելացել է տ/տ 43.5%-ով: Նույն ժամանակահատվածում փողի բազան ավելացել է 44.1%-ով: Եռամսյակի ընթացքում պահպանվել են նաև տնտեսության վարկավորման՝ տարեսկզբին դրսևորված բարձր աճի տեմպերը՝ տ/տ 64.6%, որի կառուցվածքում ավելի քան 2 անգամ ավելացել են դրամով վարկերը:

Գնաճի հաշվետվությունում ներկայացվում են մինչև տարեվերջ և 2008 թվականի առաջին երեք եռամսյակների գնաճի կանխատեսումները (ներառյալ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստերի արձանագրությունները): Ներքին և արտաքին միջավայրերի գնահատված սցենարի պայմաններում 2008 թվականի երրորդ եռամսյակի գնաճն ակնկալվում է 5.6%, որը փոքր -ինչ բարձր է ծրագրված տարեկան 4% + 1.5% միջակայքի վերին սահմանից:

ՀՀ ԿԲ բանբերի երկրորդ բաժնում ամփոփվում են 2007 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի գործունեության արդյունքները, քննարկվում են համակարգի ընդհանուր կապիտալի, ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի եռամսյակային միտումները:

Ներկայացվում են նաև ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի փոփոխությունները:

Երրորդ բաժնում դիտարկվում են 2007 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման միտումները: Մասնավորապես ամփոփվում են վճարային համակարգերի կարգավորմանը, հսկողության իրականացման նպատակով իրավական դաշտի կանոնակարգմանը, անկանխիկ վճարումների զարգացմանն ուղղված միջոցառումներն ու կատարված աշխատանքները: