ՀՀ ԿԲ բանբեր (2008թ. 4-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումները 2008 թվականի չորրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող բանկերը
31.12.2008 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր` 380 մասնաճյուղերով:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2008 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 9.7%-ով (20.7 մլրդ դրամով) և 31.12.2008 թ. դրությամբ կազմել 235.7 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է առևտրային բանկերի կողմից 8.2 մլրդ դրամ զուտ շահույթի ապահովմամբ և ութ բանկի կողմից կանոնադրական հիմնադրամի ընդհանուր 10.2 մլրդ դրամ համալրմամբ: Եռամսյակի ընթացքում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշն աճել է 0.2 տոկոսային կետով և կազմել 27.5%:
Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը ավելացել է 0.5 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 23.0%:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորություններն ավելացել են 6.7%-ով (49.3 մլրդ դրամով) և տարեվերջին կազմել 788.5 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 16 բանկում և նվազում՝ 6 բանկում:
Բանկերի պարտավորությունների կազմում հիմնականում աճել են բանկերի նկատմամբ (ներառյալ ԿԲ) պարտավորությունները` 59.1%-ով (78.6 մլրդ դրամով) և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները` 25.2%-ով (12.1 մլրդ դրամով):