ՀՀ ԿԲ բանբեր (2008թ. 2-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումները 2008 թվականի երկրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող բանկերը 

30.06.2008 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր: 2008թ. երկրորդ եռամսյակի ընթացքում բանկերի մասնաճյուղերի քանակն ավելացել է 9-ով և կազմել 367:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2008 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 8.1%-ով (14.8 մլրդ դրամով) և 30.06.2008 թ. դրությամբ կազմել է 196.8 մլրդ դրամ:

Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է առևտրային բանկերի կողմից եռամսյակի ընթացքում ապահոված 5.6 մլրդ դրամ շահույթով և չորս բանկի կողմից կանոնադրական հիմնադրամի ընդհանուր 10.3 մլրդ դրամ համալրմամբ: 

Եռամսյակի ընթացքում վարկային ներդրումների արագատեմպ աճի պայմաններում, ռիսկով կշռված ակտիվները` ի համեմատություն նորմատիվային կապիտալի, ապահովել են առաջանցիկ աճի տեմպ: Արդյունքում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով և կազմել 26.0%:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.6 տոկոսային կետով` եռամսյակի վերջում կազմելով 22.7%:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները

 Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորություններն աճել են 12.2%-ով (75.6 մլրդ դրամով) և 30.06.2008թ. դրությամբ կազմել` 693.8 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 18 բանկում և նվազում` 4 բանկում:

Պարտավորությունների կազմում հիմնականում աճել են ընդհանուր ավանդները (ցպահանջ և ժամկետային), բանկերի նկատմամբ (ներառյալ ԿԲ) պարտավորությունները և ոչ ռեզիդենտների նկատմամբ այլ պարտավորությունները:

Եռամսյակի ընթացքում ՀՀ դրամով պարտավորություններն աճել են 9.4%-ով, իսկ արտարժույթով պարտավորությունները` 15.2%-ով: Նախորդ եռամսյակի համեմատ ընդհանուր պարտավորությունների կազմում ՀՀ դրամով պարտավորությունների տեսակարար կշիռը նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել` 50.0%:

Հաշվետու ժամանակշրջանում իրավաբանական և ֆիզիկական անձանց համընդհանուր ավանդները (ցպահանջ և ժամկետային միջոցների)  աճել են 7.5%-ով (31.0 մլրդ դրամով) և կազմել 442.1 մլրդ դրամ: Ավանդների աճը տեղի է ունեցել ի հաշիվ իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 18.3% (39.2 մլրդ դրամով) աճի: Վերջինների ընդհանուր ցպահանջ պարտավորությունները նվազել են 4.1%-ով (8.2 մլրդ դրամով):

Իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդներում (ցպահանջ և ժամկետային միջոցներ) դրամային միջոցները աճել են 6.3%-ով, իսկ արտարժութային միջոցները` 9.2%-ով: Արդյունքում դրամային ավանդների տեսակար կշիռը եռամսյակի ընթացքում նվազել է 0.6 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել` 56.3%:

Իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ դրամով ներգրաված միջոցների կշիռը կազմել է 67.5%, իսկ  ֆիզիկական անձանց համընդհանուր ավանդներում` 46.8%` նախորդ եռամսյակի վերջի դրությամբ վերոնշյալ ցուցանիշների համապատասխանաբար 67.9%-ի և 46.9%-ի դիմաց: