ՀՀ ԿԲ բանբեր (2009թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2009 թվականի չորրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

31.12.2009 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 22 առևտրային բանկեր` 391 մասնաճյուղերով:

Հաշվետու եռամսյակում բանկային շուկայում պահպանվել է տարվա երրորդ եռամսյակից դրսևորված աշխուժացումը և արձանագրվել է բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների զգալի աճ (բանկային համակարգի ակտիվները եռամսյակի ընթացքում աճել են 8%-ով): Հատկանշական է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկային համակարգի կողմից տարեսկզբին իրականացվող զգուշավոր վարկային քաղաքականության արդյունքում 2009 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել էր վարկային ներդրումների նվազում, իսկ երկրորդ կիսամյակում`բավականաչափ աճ:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2009 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 7.8%-ով (20.1 մլրդ դրամով) և տարեվերջի դրությամբ կազմել 278.4 մլրդ դրամ:

Եռամսյակի ընթացքում երեք բանկեր համալրել են կանոնադրական կապիտալը՝ ընդհանուր 8.9 մլրդ դրամի չափով:

Ընդհանուր ակտիվները և ընդհանուր կապիտալը ապահովել են նույն աճի տեմպը` 7.8%, ուստի ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը եռամսյակի սկզբի համեմատ չի փոփոխվել` եռամսյակի վերջին կազմելով 21.0%: Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.1 տոկոսային կետով և կազմել 28.4%:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները

Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 7.8%-ով (75.4 մլրդ դրամով) և կազմել 1 տրլն 48 մլրդ դրամ: Ընդհանուր պարտավորությունների աճ է արձանագրվել 17 բանկում, իսկ նվազում՝ 5 բանկում: