ՀՀ ԿԲ բանբեր (2010թ. 3-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2010 թվականի երրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
30.09.2010 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր` 400 մասնաճյուղերով:
2010 թվականի երրորդ եռամսյակում արձանագրվել է բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների աճ, իսկ վարկային շուկայում բանկային համակարգը գործել է առավել ակտիվ:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2010 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 4.4%-ով (13.0 մլրդ դրամով) և կազմել 306.6 մլրդ դրամ: Երեք բանկ համալրել են կանոնադրական հիմնադրամ` ընդհանուր 8.6 մլրդ դրամի չափով: Եռամսյակի ընթացքում համակարգն ապահովել է 8.7 մլրդ դրամի չափով զուտ շահույթ: Կապիտալի համեմատ ակտիվների ավելի արագ աճի պայմաններում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 21.6%:
Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով և կազմել 26.9%:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 7.3%-ով (75.6 մլրդ դրամով) և կազմել՝ 1 տրլն 111.2 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 53.6 մլրդ դրամի և ավանդների 22.3 մլրդ դրամի աճերով: Ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 16 բանկում և նվազում՝ 5 բանկում:
Պարտավորությունների կազմում հիմնականում նվազել են իրավաբանական անձանց ժամկետային ավանդները` 11.5%-ով կամ 11.4 մլրդ դրամով: 30.09.2010 թվականի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմում է 618.4 մլրդ դրամ: