ՀՀ ԿԲ բանբեր (2010թ. 2-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2010 թվականի երկրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

30.06.2010 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր` 393 մասնաճյուղերով: Հաշվետու ժամանակաշրջանում Ամերիա բանկի բաժնետերերը ձեռք են բերել Կասկադ բանկի բաժնետոմսերը:

2010 թվականի երկրորդ եռամյակում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 33 դրամով, ըստ որի արտարժութային ակտիվների և պարտավորությունների դրամային արտահայտությամբ վերագնահատման արդյունքում արձանագրվել է վերջիններիս մեծությունների նվազում: Բանկային համակարգը, տնտեսության ակտիվացմանը զուգահեռ, երկրորդ եռամսյակում պահպանել է վարկավորման աճի միտումները և ապահովել է շահութաբերության բարձր մակարդակ: 

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը

2010 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 2.9%-ով (8.3 մլրդ դրամով) և կազմել 293.7 մլրդ դրամ:

Երեք բանկեր համալրել են կանոնադրական կապիտալ` ընդհանուր 2.4 մլրդ դրամի չափով:  Եռամսյակի ընթացքում համակարգն ապահովել է 7.8 մլրդ դրամի չափով զուտ շահույթ:

Ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը ավելացել է 1.6 տոկոսային կետով` կազմելով 22.1%:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 0.3 տոկոսային կետով և կազմել 28.9%: 

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները նվազել են 5.7%-ով (62.6 մլրդ դրամով) և կազմել՝ 1 տրլն 35.5 մլրդ դրամ` առավելապես պայմանավորված արտարժութային պարտավորությունների վերագնահատումով (այսպես, եռամսյակի ընթացքում դրամի արժևորմամբ չպայմանավորված ընդհանուր պարտավորությունների նվազումը կազմում է ընդամենը 76.5 մլն դրամ) Ընդհանուր պարտավորությունների նվազում է արձանագրվել 14 բանկում և աճ՝ 7 բանկում:

ՀՀ դրամով ներգրավված պարտավորությունների տեսակարար կշիռը ընդհանուրում ավելացել է 3.0 տոկոսային կետով` կազմելով 32.6%:

Պարտավորությունների կազմում նվազել են հիմնականում ընդհանուր ավանդները (իրավաբանական և ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային միջոցները)` 9.9%-ով կամ 65.9 մլրդ դրամով: 

30.06.2010 թվականի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմում է 596.1 մլրդ դրամ: վՖիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 4.7%-ով կամ 16.9 մլրդ դրամով: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 16.3%-ով կամ 49.0 մլրդ դրամով:

Եթե եռամսյակի ընթացքում դրամի արժևորումն ԱՄՆ դոլարի նկատմամբ անտեսվեր, ապա կարձանագրվեր ընդհանուր ավանդների նվազում 26.7 մլրդ դրամով կամ 2.6%-ով: