ՀՀ ԿԲ բանբեր (2011թ. 4-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2011 թվականի չորրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
31.12.2011 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր 442 մասնաճյուղով: 2011 թվականի չորրորդ եռամսյակում ևս բանկերը ցուցաբերել են բավականին ակտիվություն վարկային շուկայում: Անվանական ՀՆԱ-ի նկատմամբ` բանկային համակարգի ակտիվների, տնտեսությանը տրամադրված վարկերի և ընդհանուր ավանդների առաջանցիկ աճի պայմաններում 2011 թվականի ընթացքում աճել է բանկային համակարգի միջնորդությունը: Նախորդ տարվա համեմատ 2011 թվականին բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը աճել է 9.6 տոկոսային կետով և տարեվերեջին կազմել 54.1%: Տնտեսության տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի, ավանդների և ՀՆԱ-ի հարաբերակցությունները աճել են համապատասխանաբար 6.3 և 5.3 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով համապատասխանաբար 31.6% և 24.5%:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2011 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 3.7%-ով (տարեսկզբից` 11.6%-ով)` և տարեվերջին կազմել 355.9 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված է եռամսյակի 8.7 մլրդ դրամ շահույթով և 2 բանկի կողմից կանոնադրական կապիտալի ընդհանուր 7.5 մլրդ դրամ համալրմամբ (ընդ որում 3.5 մլրդ դրամը համալրվել է նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի հաշվին):
Հաշվետու եռամսյակում կապիտալի համեմատ ակտիվների առաջանցիկ աճի պայմաններում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 17.2%: Ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 1.4 տոկոսային կետով և կազմել 18.3%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի դրսևորած ակտիվ վարկային քաղաքականության:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 11.0%-ով (տարեսկզբից` 37.8%-ով)` և տարեվերջին կազմել 1 տրլն 710.8 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների 11.0% , բանկերի թղթակցային հաշիվների և բանկերի նկատմամբ պարտավորությունների (ներառյալ ԿԲ) 9.0% և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 15.6 % աճով:
Ընդ որում հաշվետու եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 20 բանկում, իսկ նվազում` 1 բանկում:
Եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը աճել 11.0 %-ով (տարեսկզբից` 38.8%-ով) և տարեվերջին կազմում է 934.2 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 12.7%-ով և կազմել 559 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 8.6 %-ով և եռամսյակի վերջին կազմել 375.3 մլրդ դրամ:
Ըստ արժութային կառուցվածքի դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 15.6 %-ով, իսկ արտարժութային ավանդները` 9.1 %-ով: Արդյունքում դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 1.2 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 31.3%: