ՀՀ ԿԲ բանբեր (2011թ. 3-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը  2011 թվականի երրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

30.09.2011 թ. դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր` 428 մասնաճյուղերով: 2011 թվականի երրորդ եռամսյակում բանկային համակարգը դրսևորել է բավարար ակտիվություն, ինչի արդյունքում արձանագրվել է համակարգային ամփոփ ցուցանիշների աճ:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2011 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 1.0%-ով (3.4 մլրդ դրամով) և կազմել 343.1 մլրդ դրամ` պայմանավորված եռամսյակի 5.2 մլրդ դրամ շահույթով: Կապիտալի համեմատ ակտիվների ավելի արագ աճի պայմաններում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.1 տոկոսային կետով` կազմելով 18.2%:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 19.6%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի դրսևորած ակտիվ վարկային քաղաքականության:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները ավելացել են 8.6%-ով (121.5 մլրդ դրամով) և կազմել 1 տրլն 541.0 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ պարտավորությունների 92.9 մլրդ դրամ և բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 37.3 մլրդ դրամ աճով: Ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 15 բանկում, իսկ նվազում`6 բանկում: Պարտավորությունների կազմում հիմնականում նվազել են ՀՀ Կառավարության նկատմամբ պարտավորությունները` 7.2%-ով (6.1 մլրդ դրամով) և այլ պարտավորությունները` 9.5%-ով (5.4 մլրդ դրամով):

30.09.2011 թ. դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմել է 841.5 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 5.7%-ով (26.8 մլրդ դրամով), իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները՝ 23.7%-ով (66.1 մլրդ դրամով):

Ըստ արժութային կառուցվածքի՝ դրամային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 13.4%-ով (29.9 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` 12.0%-ով (63.0 մլրդ դրամով): Արդյունքում ՝ դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 0.3 տոկոսային կետով և կազմել 30.1%:

Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորություններում ավելացել է իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների տեսակարար կշիռը` 2.7 տոկոսային կետով, իսկ ՀՀ Կառավարության և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների տեսակարար կշիռները նվազել են 0.8-ական տոկոսային կետով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների տեսակարար կշիռը` 0.6 տոկոսային կետով: