ՀՀ ԿԲ բանբեր (2011թ. 2-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2011 թվականի երկրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը
30.06.2011 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր` 418 մասնաճյուղերով:
2011 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների աճ: Բանկերը բարձր ակտիվություն են ցուցաբերել վարկային շուկայում` նպաստելով ֆինանսական միջնորդության աճին:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը
2011 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 1.4 %-ով (4.6 մլրդ դրամով) և կազմել 339.7 մլրդ դրամ: Կանոնադրական կապիտալը աճել է 15.4 մլրդ դրամի աճով: Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը աճել` 11.3 մլրդ դրամով, իսկ նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը նվազել է 24.8 մլրդ դրամով: Կապիտալի համեմատ ակտիվների ավելի արագատեմպ աճի պայմաններում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.9 տոկոսային կետով` կազմելով 19.3%:
Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 20.0%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի աճի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի դրսևորած ակտիվ վարկային քաղաքականության:
Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 7.4%-ով (97.7 մլրդ դրամով) և կազմել` 1 տրլն 419.6 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 70.3 մլրդ դրամ և ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ պարտավորությունների 31.3 մլրդ դրամ աճերով: Ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 16 բանկում և նվազում` 5 բանկում:
Պարտավորությունների կազմում հիմնականում նվազել են բանկերում թղթակցային հաշիվները` 61.4 %-ով կամ 4.5 մլրդ դրամով:
30.06.2011 թվականի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմում է 748.6 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 8.4%-ով կամ 36.3 մլրդ դրամով: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 1.7%-ով կամ 5.0 մլրդ դրամով:
Ըստ արժութային կառուցվածքի դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 5.8%-ով կամ 12.2 մլրդ դրամով, իսկ արտարժութային ավանդները` 3.8%-ով կամ 19.2 մլրդ դրամով: Արդյունքում դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.8%: