ՀՀ ԿԲ բանբեր (2011թ. 1-ին եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2011 թվականի առաջին եռամսյակում

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը 

31.03.2011թ. դրությամբ ՀՀ տարածքում գործում են 21 առևտրային բանկեր` 411 մասնաճյուղերով:

2011 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների աճ: Տնտեսության ակտիվության վերականգնմանը զուգընթաց հաշվետու եռամսյակում բանկային համակարգը վարկային շուկայում գործել է բավականին ակտիվ:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 

2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5.1 %-ով (16.1 մլրդ դրամով) և կազմել 335.1 մլրդ դրամ` հիմնականում պաjմանավորված կանոնադրական կապիտալի և  չբաշխված շահույթի ավելացմամբ (համապատասխանաբար 7.2 մլրդ դրամ և 8.1 մլրդ դրամ): Կանոնադրական կապիտալի համալրումը ամբողջությամբ տեղի է ունեցել 1 բանկի կողմից, ընդ որում ամբողջությամբ արտաքին աղբյուրների հաշվին: Եռամսյակի ընթացքում համակարգն ապահովել է 8.1 մլրդ դրամի չափով զուտ շահույթ:

31.12.2010թ. համեմատ ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 20.2%:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի մեծությունը նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել 21.3%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով` ի հաշիվ հաշվետու եռամսյակում դեռևս նախորդ տարվա չորրորդ եռամսյակից բանկերի դրսևորած ակտիվ վարկային քաղաքականության շարունակականությամբ:

Առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները 

Հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունները աճել են 6.5 %-ով (80.3 մլրդ դրամով) և կազմել` 1 տրլն 321.9 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների 35.6 մլրդ դրամ և ավանդների (ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ պարտավորություններ) 44.2 մլրդ դրամ աճերով: Ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 14 բանկում և նվազում` 7 բանկում:

Պարտավորությունների կազմում հիմնականում նվազել են բանկերում թղթակցային հաշիվները` 36.4%-ով կամ 4.2 մլրդ դրամով:

31.03.2011թ. դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդների մեծությունը կազմում է 717.3 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 6.3%-ով կամ 25.8 մլրդ դրամով: Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն աճել են 6.9%-ով կամ 18.5 մլրդ դրամով:

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 3.3 %-ով կամ 6.7 մլրդ դրամով, իսկ արտարժութային ավանդները` 8.0 %-ով կամ 37.6 մլրդ դրամով: Արդյունքում դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 29.4 %: