ՀՀ ԿԲ բանբեր (2014թ. 4-րդ եռամսյակ)

ՀՀ ֆինանսական համակարգը 2014 թվականի չորրորդ եռամսյակում

ՀՀ տարածքում գործող բանկերը

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր 509 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը):

Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը

Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 2.6%-ով (12 ամսյա աճը` 2.9%) և կազմել 469.1 մլրդ դրամ` հիմնականում պայմանավորված վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած չիրացված 12.4 մլրդ դրամի վնասով:

Ընդհանուր ակտիվները ընդհանուր կապիտալի համեմատ ապահովել են առաջանցիկ աճի տեմպ, որի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 2.5 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 13.8%:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 1.8 տոկոսային կետով և կազմել 14.5%:

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 

Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հաշվետու եռամսյակում ավելացել են 18.7%-ով (12 ամսյա աճը` 18.3%) և կազմել 2 տրլն 941.8 մլրդ դրամ: Ընդ որում պարտավորությունների աճ արձանագրվել է 20 բանկում, իսկ նվազում` 2 բանկում:

Ընդհանուր պարտավորությունների աճը հիմնականում պայմանավորվել է բանկերի նկատմամբ (ներառյալ` ԿԲ) պարտավորությունների (ներառյալ `թղթակցային հաշիվների) և այլ ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունների համապատասխանաբար` 50.8% և 41.9% աճերի հաշվին:

31.12.2014թ. դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները կազմել են 1 տրլն 604 մլրդ դրամ: Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 29.5% և 70.5% (30.09.2014թ. դրությամբ` համապատասխանաբար` 32.4% և 67.6%):

Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 5.0%-ով և կազմել 560.5 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները  ավելացել են 6.1%-ով և կազմել 1 տրլն 43.7 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդներն նվազել են 7.5%-ով, իսկ արտարժութային ավանդները աճել են 11.7%-ով: Արդյունքում` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 3.9 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.6%:

Ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում համեմատաբար բարձր՝ 4.5 տոկոսային կետով ավելացել է բանկերի (ներառյալ ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը և 4.1 տոկոսային կետով նվազել ֆիզիկական անձանց ավանդների տեսակարար կշիռը: