ՀՀ ԿԲ բանբեր (2014թ. 2-րդ եռամսյակ)
ՀՀ ֆինանսական համակարգը 2014 թվականի երկրորդ եռամսյակում
ՀՀ տարածքում գործող բանկերը
2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր 497 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը):
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը
Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 1.5%-ով (12 ամսյա աճը կազմել է 14.9%) և կազմել 473.1 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը ապահովվել է եռամսյակի 10.6 մլրդ դրամ զուտ շահույթի հաշվին: Եռամսյակի ընթացքում կանոնադրական կապիտալը ավելացել է 4.7%-ով (12.8 մլրդ դրամով) և կազմել 282.8 մլրդ դրամ՝ պայմանավորված նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի համալրմամբ:
Հաշվետու եռամսյակում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 0.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 16.2%:
Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 16.2%:
Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները
Հաշվետու եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները նվազել են 0.4%-ով (12 ամսյա աճը կազմել է 10.0%) և կազմել 2 տրլն 449.9 մլրդ դրամ: Ընդ որում պարտավորությունների աճ արձանագրվել է 13 բանկում, իսկ նվազում` 7 բանկում:
Ընդհանուր պարտավորությունների նվազումը հիմնականում տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 1.3% (12 ամսյա աճը կազմել է 14.9%) նվազմամբ:
30.06.2014թ. դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 1 տրլն 537.5 մլրդ դրամ: Ըստ ժամկետային կառուցվածքի՝ ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 33.0% և 67.0% (31.12.2013թ. դրությամբ համապատասխանաբար` 33.4% և 66.6%):
Եռամսյակի ընթացքում իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 8.8%-ով և կազմել 564.9 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները աճել են 3.6%-ով և կազմել 972.6 մլրդ դրամ:
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 4.5%-ով, իսկ արտարժութային ավանդները նվազել են` 3.6%-ով: Արդյունքում արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում նվազել է 1.7 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 70.3%:
Եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում 1.5 տոկոսային կետով ավելացել է ֆիզիկական անձանց ավանդների կշիռը, և 2.1 տոկոսային կետով նվազել իրավաբանական անձանց ավանդների տեսակարար կշիռը: