Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2006թ. 2-րդ եռամսյակ)
Ներածություն
2006 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 2.7%՝ կանխատեսված 3.4%-ի փոխարեն, որին համապատասխանում է հունիսին, դեկտեմբերի համեմատ, 4.3% գնաճի ցուցանիշը: Ընդ որում՝ սպառողական գների զամբյուղի երեք խոշոր բաղադրիչների՝ պարենային, ոչ պարենային ապրանքատեսակների և ծառայությունների գները բարձրացել են համապատասխանաբար 3.4%, 5.1% և 2.2%-ով: Նախորդ եռամսյակի համեմատ տնտեսական աճի տեմպերն արագացել են, իսկ երկրորդ եռամսյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 14.1%: Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, ինչպես և նախորդ եռամսյակում, եղել է շինարարության և ծառայությունների ոլորտը: Նշված ոլորտների տարեկան աճը երկրորդ եռամսյակում կազմել է համապատասխանաբար 38.1% և 11.0%: Ճյուղում եկամուտների հավասարաչափ բաշխմամբ պայմանավորված կապիտալ շինարարության աճի շարունակական բարձր տեմպերը սպառողական շուկայում խթանել են պահանջարկը, որի արդյունքում գնաճային ճնշումներ են առաջացել:
Տնտեսության իրական հատվածի մյուս երկու ճյուղերում` արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում, երկրորդ եռամսյակում համապատասխանաբար արձանագրվել է իրական ծավալների 1.1% և 8.5% տարեկան աճ: Ընդ որում, եթե արդյունաբերության աճի տեմպի նվազումը սպառողական շուկայում չեզոք ազդեցություն է ունեցել, ապա գյուղատնտեսությունում արձանագրված բարձր իրական աճը որոշակիորեն զսպել է գնաճի ցուցանիշը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսության աճը պայմանավորվել էր սովորականից շոգ եղանակի պայմաններում որոշ գյուղմթերքների վաղաժամկետ հասունացմամբ, ակնկալվում է, որ տարվա հաջորդ եռամսյակներում իրական աճի տեմպը նվազելու է՝ ընդլայնողական ազդեցություն ունենալով գնաճի վրա:
2006 թվականի երկրորդ եռամսյակում շարունակվել է համախառն պահանջարկի արագացված աճի տեմպերի դրսևորումը՝ պայմանավորված ինչպես բնակչության եկամուտների ավելացմամբ, այնպես էլ արտաքին ֆինանսական միջոցների շարունակական ներհոսքով: Ամբողջական պահանջարկի աճին էապես նպաստել է ներքին պահանջարկի աճը, իսկ վերջինիս կառուցվածքում արձանագրվել է մասնավոր հատվածի ծախսումների առաջանցիկ աճ. 2006 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, մասնավոր հատվածի ծախսումների իրական աճը կազմել է 11.2%՝ պետական հատվածի ծախսերի մոտ 4% աճի պարագայում: Պահանջարկի անընդհատ աճող տեմպերը նույնպես գնաճը խթանող գործոններ են: Վերջին տարիներին արձանագրվող բարձր տնտեսական աճը, որը շարունակվել է նաև 2006 թվականի առաջին վեց ամիսներին, անմիջական ազդեցություն է ունեցել աշխատանքի շուկայի վրա՝ հետզհետե նվազեցնելով գործազրկության մակարդակը և հանգեցնելով աշխատավարձի աստիճանաբար ավելացմանը: Արդյունքում բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, որը 2006 թվականի մայիսի դրությամբ կազմել է 63.5 հազար դրամ՝ նախորդ տարվա մայիսի համեմատ իրական արտահայտությամμ ավելանալով 27.6%-ով: Միևնույն ժամանակ, 2006 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աշխատուժի արտադրողականությունը ավելացել է 13.1%-ով:
Վերջինս, զիջելով իրական աշխատավարձի աճի ցուցանիշին, սպառողական շուկայում որոշակի գնաճային ճնշումներ է առաջացրել: 2006 թ. երկրորդ եռամսյակում արտաքին հատվածի զարգացումները գնաճի վրա ունեցել են երկակի ազդեցություն` գնաճի զսպման և նպաստման: Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է ներմուծման դոլարային գների աճի տեմպերի արագացումը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20%-ով: Ու թեև դրամի արժևորումը և Կառավարության կողմից գազի սակագների ավելացման սուբսիդավորումը մասամբ չեզոքացրել են ներմուծման գների աճի բացասական հետևանքները, այնուամենայնիվ դրամային արտահայտությամբ դրանք բարձրացել են 13%-ով` նպաստելով ներքին գների աճին:
Մյուս կողմից, 2006 թ. երկրորդ եռամսյակում խորացել է ընթացիկ հաշվի պակասուրդը (33.8 մլն ԱՄՆ դոլարով)՝ հիմնականում պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով (77.9 մլն ԱՄՆ դոլարով): Ներմուծման միջոցով սպառողական ապրանքների իրական ծավալների լրացուցիչ առաջարկի ապահովման և եկամուտների արտահոսքի ավելացման արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդի ավելացումը գնաճի վրա ունեցել է զսպող ազդեցություն: Վճարային հաշվեկշիռը 2006 թ. երկրորդ եռմասյակում հավելուրդով է եղել, ինչը ընթացիկ հաշվի պակասուրդի նկատմամբ կապիտալ և ֆինանսական զուտ ներհոսքի զգալի գերազանցման արդյունք է: Վերջինս, համակցվելով դրամի նկատմամբ սեզոնային պահանջարկի աճի հետ, հանգեցրել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 2.7% արժևորման: Իսկ դա էլ, ինչպես արդեն նշվեց, զսպել է գնաճը` ներմուծման դոլարային գների բարձր աճի մի մասի չեզոքացման միջոցով: Հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ազդեցության առումով սպասվածից ավելի քիչ ընդլայնողական է եղել. հարկաբյուջետային ազդակը երկրորդ եռամսյակում եղել է 1.1% ընդլայնող` ծրագրված 2.0%-ի փոխարեն: Դա հիմնականում պայմանավորվել է պետական ծախսերի՝ ծրագրվածի համեմատ թերի կատարումով:
Դրամավարկային հատվածի ցուցանիշների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի ցածր է եղել, քան 2006 թվականի առաջին եռամսյակում: Փողի զանգվածը երկրորդ եռամսյակի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 26.2%-ով (առաջին եռամսյակում՝ 30.8%), իսկ դրամային զանգվածը նույն ժամանակահատվածում ավելացել է 40.6%-ով (առաջին եռամսյակում՝ 54.6%): Փողի առաջարկի կառավարման նման մոտեցումը տնտեսության մյուս հատվածներում առաջին եռամսյակի միտումների պահպանման և գնաճային ռիսկերի դրսևորման պայմաններում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կառավարելու նպատակ է ունեցել: Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում իրականացված դրամավարկային քաղաքականությունը կարելի է համարել արդյունավետ: Դրան մեծապես նպաստել են ԿԲ գործիքակազմի կիրառման մեխանիզմների փոփոխությունները. ռեպո գործառնությունները ընդունվել են որպես դրամավարկային քաղաքականության հիմնական գործիք, և ավելացել է դրանց կնքման հաճախականությունը:
Կապված ԿԲ գործիքակազմի կիրառման մեխանիզմների փոփոխությունների հետ՝ էական առաջընթաց է արձանագրվել երկու ուղղություններով.
- հնարավոր է դարձել ԿԲ վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքի միջոցով ազդակների փոխանցումը ֆինանսական շուկային, որն աստիճանաբար հանգեցնելու է տոկոսադրույքների փոխանցման լծակի ակտիվացմանը,
- առևտրային բանկերն ավելի արդյունավետ են կառավարել ԿԲ-ում թղթակցային հաշիվները, որի արդյունքում բանկային համակարգում էապես նվազել է ավելցուկային իրացվելիությունը: Վերջինս հիմնականում ուղղվել է տնտեսության վարկավորմանը, որի աճին նպաստել է նաև արտաքին ակտիվների փոխարկումը ներքին վարկավորման: Գնաճի հաշվետվությունը եզրափակվում է 2007 թ. երկրորդ եռամսյակի գնաճի կանխատեսումների ներկայացմամբ (ներառյալ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստերի արձանագրությունները): Կանխատեսվում է, որ 2007 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում թեև որոշակի կդանդաղեն տնտեսական աճի տեմպերը, այնուհանդերձ կմնան բարձր մակարդակի վրա, իսկ վերջինիս շարժիչ ուժը կշարունակեն մնալ ծառայությունների և շինարարության ոլորտները: Կանխատեսվում է, որ ի հաշիվ ներքին պահանջարկի աճի, ամբողջական պահանջարկի բարձր աճ կգրանցվի նաև 2007թ. առաջին և երկրորդ եռամսյակներում: Կդրսևորվի ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ վառելիքի և ցորենի միջազգային գների աճի միտում: Ակնկալվում է, որ նշված պայմաններում 2007 թ. երկրորդ եռամսյակի գնաճը կգերազանցի 3% ծրագրային մակարդակը: Ընդ որում՝ բարձր գնաճի միջավայր ձևավորել են գնաճի և՛ առաջարկի, և՛ պահանջարկի գործոնները: Գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու և գնաճային ճնշումները զսպելու համար ԿԲ-ն կշարունակի նախորդ եռամսյակների համեմատությամբ ավելի քիչ ընդլայնողական քաղաքականության իրականացումը, որի արդյունքում հնարավոր է փողի ագրեգատների աճի տեմպերը վերանայվեն, իսկ տոկոսադրույքները՝ բարձրացվեն: