ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2009թ. 4-րդ եռամսյակ)

(2009/4) 2009 թվականի երրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները

2009 թվականի երրորդ եռամսյակը բնորոշվեց մակրոտնտեսական տարաբնույթ զարգացումներով, որոնց պայմաններում եռամսյակի ընթացքում արձանագրվեցին նաև գնաճային միջավայրի փոփոխություններ: Մասնավորապես, եռամսյակի սկզբին  տնտեսական անկման տեմպերի խորացմանը եռամսյակի ավարտին հաջորդեց տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնման միտումների ձևավորումը: Միաժամանակ, պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումներով, միջազգային շուկաներում հումքային և որոշ պարենային ապրանքների գների չափավոր աճ արձանագրվեց: Այս պայմաններում, եռամսյակի ավարտին ներքին ապրանքային շուկաներում սկսեցին դրսևորվել գնաճային ճնշումներ: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, չնայած գյուղատնտեսական ապրանքների գների խորը սեզոնային անկմանը, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների շարունակական աճ արձանագրվեց` որոշակիորեն արագացնելով ընդհանուր գնաճի տեմպը:

Այսպես, 2009 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 2.4% գնանկումը և արդյունքում 12-ամսյա գնաճի ցուցանիշի ընդամենը 0.1 տոկոսային կետով աճը (մինչև 3.7%) բացառապես պայմանավորվեց պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 6.2% նվազմամբ: Վերջինիս նպաստումը ընդհանուր գնանկմանը կազմեց 3.4 տոկոսային կետ, որից մոտ 2.7 տոկոսային կետը բաժին  ընկավ Միրգ և Բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերին: Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների էական աճ արձանագրվեց` կազմելով 2.1 տոկոս: Եռամսյակի ընթացքում գնաճային ճնշումների ազդեցությունն արտահայտվեց նաև բնականոն գնաճի վարքագծով: Վերջինս 2009 թ. երրորդ եռամսյակում կազմեց 0.9%, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի համեմատ ավելացավ 0.3 տոկոսային կետով` կազմելով շուրջ 3.7%: