Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2007թ. 2-րդ եռամսյակ)

Ներածություն

2007 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ գնաճը նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 1.9%, իսկ տ/տ՝ 4.8%: Այն տարվա համար նախատեսված տատանման թույլատրելի միջակայքում է, չնայած գերազանցել է կանխատեսված եռամսյակային ցուցանիշը 0.8 տոկոսային կետով, որն արտաքին ցնցման՝ ցորենի գների կտրուկ աճի հետևանք է (նպաստումը՝ 1.1 տոկոսային կետ): Սպառողական գների զամբյուղի երեք խոշոր բաղադրիչների՝ պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները համապատասխանաբար աճել են տ/տ 6.2%, -0.9% և 5.3%-ով: Հաշվի առնելով 2007 թ. առաջին եռամսյակի գնաճի զարգացումները և այն, որ տարեսկզբին կանխատեսված 12-ամսյա գնաճը նպատակային 4% ցուցանիշից ցածր էր, ՀՀ ԿԲ խորհուրդը հիմնական գործիքի՝ ռեպո գործառնության տոկոսադրույքը ապրիլին իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%: Միաժամանակ, պահպանելով մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքները ռեպո գործառնության տոկոսադրույքից հավասարաչափ հեռացված լինելու դրույթը, դրանք նույնպես իջեցվել են 0.25 տոկոսային կետով:

2007 թվականի երկրորդ եռամսյակում ևս գրանցվել է բարձր՝ տ/տ 11.3% տնտեսական աճ, որը, ինչպես և առաջին եռամսյակում, ապահովվել է հիմնականում շինարարության և ծառայությունների ավելացված արժեքների իրական աճի բարձր մակարդակների հաշվին: Ըստ եռամսյակի արդյունքների՝ դրանք կազմել են համապատասխանաբար տ/տ 20.5% և 17.3%: Ներքին պահանջարկի իրական աճը կազմել է տ/տ 12%՝ պայմանավորված մասնավոր սպառման 9.8% և մասնավոր ներդրումների 19.1% աճով: Պետական սպառման և պետական ներդրումների փոփոխությունները երկրորդ եռամսյակում կազմել են համապատասխանաբար տ/տ 12.6% իրական աճ և 5% իրական նվազում: Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների՝ երկրորդ եռամսյակում արձանագրվել է տնտեսության միջին անվանական և իրական աշխատավարձերի աճ՝ համապատասխանաբար 17.3% և 14.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 23.4% և 21.6%):

2007 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազրկության մակարդակը նվազել է 0.2 տոկոսային կետով և կազմել 7.2%: Գնաճի վրա աշխատանքի շուկայի ազդեցությունը շարունակում է խթանող լինել, քանի որ արտադրողականության աճի ցուցանիշը` 11%, դեռևս ցածր է աշխատավարձի աճի ցուցանիշից: 2007 թվականի երկրորդ եռամսյակում շարունակվել է ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը (տ/տ 70.6 մլն ԱՄՆ դոլարով)՝ հիմնականում պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով (տ/տ 124.5 մլն ԱՄՆ դոլարով): Ընդ որում, ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 5.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1.8%): Ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը տեղի է ունեցել արտահանման տ/տ 16.6% և ներմուծման 36.3% աճի արդյունքում: Եռամսյակի ընթացքում բանկային համակարգով ստացված ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքի աճը կազմել է տ/տ 38.6%:

2007 թվականի երկրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է փոքր-ինչ` 0.4 տոկոս ընդլայնող ազդեցություն, կանխատեսված չեզոք ազդեցության փոխարեն: Որոշ չափով շեղվել են եկամուտների և ծախսերի փաստացի ազդեցության չափերը՝ պայմանավորված եկամուտների մոտ 7.0 մլրդ դրամ գերակատարմամբ և համապատասխանաբար նույն չափով ավելի ծախսերի իրականացմամբ: Այսպես՝ եկամուտների ազդակը փոքր-ինչ գերազանցել է սպասվող մակարդակը և ունեցել 1.3 տոկոս զսպող ազդեցություն, իսկ ծախսերի ազդակը ավելի շատ է գերազանցել սպասված մակարդակը և եղել է 1.7 տոկոս ընդլայնող:

2007 թվականի երկրորդ եռամսյակում ձևավորված դրամավարկային միջավայրը հիմնականում համահունչ էր այդ ժամանակահատվածի համար ակնկալվող սցենարին, որի հիմքում տնտեսության դրամայնացման բարձր տեմպերի պահպանումն էր: Դրամավարկային ցուցանիշների միտումների առումով՝ երկրորդ եռամսյակում հիմնականում կրկնվել է առաջին եռամսյակի պատկերը. փաստացի արդյունքներով՝ սպասվածից առավել մեծ է եղել դրամային զանգվածի և դրա կառուցվածքային տարրերից՝ դրամային ավանդների տ/տ աճը՝ համապատասխանաբար 68% և 85.9%: Պահպանվել են նաև շրջանառությունից դուրս գտնվող կանխիկի աճի բարձր տեմպերը՝ տ/տ 57.3%: Նույն ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 41.1%, իսկ փողի բազան՝ 44.3%-ով:

Գնաճի հաշվետվությունում ներկայացվում են մինչև տարեվերջ և 2008 թվականի առաջին կիսամյակի գնաճի կանխատեսումները (ներառյալ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստերի արձանագրությունները): Ներքին և արտաքին միջավայրերի գնահատված սցենարի պայմաններում 2008 թվականի երկրորդ եռամսյակի գնաճն ակնկալվում է ծրագրված 3% + 1.5% միջակայքում: «ՀՀ ԿԲ բանբերի» երկրորդ բաժնում ամփոփվում են 2007 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ ֆինանսական համակարգի գործունեության արդյունքները, քննարկվում են համակարգի ընդհանուր կապիտալի, ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի եռամսյակային միտումները: Ներկայացվում են նաև ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի փոփոխությունները: Երրորդ բաժնում դիտարկվում են 2007 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման միտումները: Մասնավորապես ամփոփվում են վճարային համակարգերի կարգավորմանը, հսկողության իրականացման նպատակով իրավական դաշտի կանոնակարգմանը, անկանխիկ վճարումների զարգացմանն ուղղված միջոցառումներն ու կատարված աշխատանքները: