ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (1-ին եռամսյակ, 2010թ.)

(2010/1) 2009 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները

2009 թվականին Կառավարության կողմից տնտեսական ակտիվության աճին ուղղված խիստ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացման պայմաններում ԿԲ դրամավարկային քաղաքականությունը նպատակաուղղված էր  տնտեսական ակտիվության խթանման և գների կայունության ապահովման խնդիրների արդյունավետ համադրմանը, որի արդյունքում արդեն չորրորդ եռամսյակը բնութագրվել է տնտեսական անկման տեմպերի դանդաղմամբ: Միջազգային շուկաներում հանքահումքային ու պարենային ապրանքների գների շարունակական աճի պարագայում ներքին ապրանքային շուկաներում դիտվել է գնաճային ճնշումների ուժգնացում, այնուամենայնիվ, մինչև դեկտեմբեր գնաճը մշտապես գտնվել է նպատակային միջակայքի սահմաններում: Գնաճի տեմպի արագացումն առավելապես դրսևորվել է դեկտեմբերին, սակայն ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ գնաճը պայմանավորվել էր  ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճով, տարեվերջին գնաճի վրա գերակայող ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճը: Այսպես, 2009 թվականի չորրորդ եռամսյակում արձանագրվել է  3.7% գնաճ, որը մեծամասամբ պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 5.8% աճով (նպաստումը գնաճին 3.1 տոկոսային կետ), ինչն էլ իր հերթին հիմնականում պայմանավորվել է Միրգ և Բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի գների համապատասխանաբար 35.9% (նպաստումը գնաճին 0.9 տոկոսային կետ) և  44.2% (նպաստումը գնաճին 2.1 տոկոսային կետ) սեզոնային աճերով: Ընդ որում, հատկանշական է այն, որ եռամսյակի ընթացքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների աճը գերազանցապես պայմանավորվել է 4 ապրանքատեսակների` լոլիկի, վարունգի, կանաչ պղպեղի և սմբուկի գների աճերով (նպաստումը գնաճին 4.2 տոկոսային կետ): Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների աճը կազմել է համապատասխանաբար 3.0 և 0.7%, որոնց ընդհանուր նպաստումը եռամսյակի գնաճին կազմել է ընդամենը 0.7 տոկոսային կետ: Արդյունքում, 2009 թ-ի չորրորդ եռամսյակի 12-ամսյա գնաճի ցուցանիշը  ավելացել է նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի նկատմամբ 2.8 տոկոսային կետով և տարեվերջին կազմել  6.5% (շեղումը նպատակային միջակայքի վերին սահմանից 1.0 տոկոսային կետ):

Եռամսյակի ընթացքում գնաճային ճնշումների ազդեցությունն արտահայտվել է նաև բնականոն գնաճի վարքագծով: Վերջինս 2009թ. չորրորդ եռամսյակում կազմել է 1.7%, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է 1.5 տոկոսային կետով` կազմելով շուրջ 5.2%: