(2011/4) ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (4-րդ եռամսյակ, 2011թ.)

2011 թվականի երրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները

2011 թվականի Դրամավարկային քաղաքականության ծրագրերում մշտապես շեշ­տադրվել է, որ տարվա ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակաբար կնվազի և տարվա ավարտին կգտնվի 4%+1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այդուհանդերձ, նախանշվել են արտաքին շուկաներին և գյուղատնտեսության ճյուղին առնչվող ռիսկեր, որոնց դրսևորումը կարող էր հանգեցնել միջակայքի սահմաններից գնաճի դուրս գալուն:

Գնաճը նվազեցնող գործոնների շարքում առանձնացվել են 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացումը, հարկաբյուջետային քաղաքականության շարունակական զսպող ազդե­ցությունը, ճյուղի ակնկալվող բարձր աճի պայմաններում գյուղատնտեսական արտա­դրանքի գների հավանական անկումը: Մասնավոր ծախսումների աճը, տնտեսական ակտիվության աճին զուգահեռ` արտադրողականության և անվանական աշխատավարձի համամասն աճը, գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով գնահատվել էին չեզոք: Պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գների հարա­բերական կայունացումը նույնպես էապես նպաստելու էր գնաճային ճնշումների մեղմ­մանը:

Ընդհանուր առմամբ, նկարագրված միջավայրում երրորդ եռամսյակում արձանագրվել է 2.8% գնանկում, և սեպտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%` կանխա­տես­ված 4.8%-ի փոխարեն: Ավելի վաղ՝ օգոստոսին, գնաճը վերադարձել էր տատանումների թույլատրելի միջակայք` կազմելով 4.8%, սակայն, պայմանավորված շաքարավազի շու­կայում հարկային վարչարարության խստացմամբ և որոշ պարենային և ոչ պարենային ապրանքների գների` սպասվածից ավելի բարձր մակարդակի ձևավորմամբ, այն կրկին դուրս եկավ տատանումների թույլատրելի միջակայքից, ինչը սպասելի էր արդեն սեպ­տեմբերի սկզբից:

Եռամսյակի ընթացքում պարենային ապրանքների գները նվազել են 5.2%-ով՝ եռամ­սյակի գնաճին նպաստելով -2.7 տոկոսային կետով, ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0.4%-ով (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ: 12-ամսյա գնաճի 6.2% ցուցանիշին պարենային, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների նպաստումները համապատասխանաբար կազմել են 5.1, 0.5 և 0.7 տոկոսային կետ: