Գնաճը Հայաստանի Հանրապետությունում 2005թ. 2-րդ կիսամյակ

(2005, երկրորդ կիսամյակ) Մակրոտնտեսական իրավիճակի ամփոփում

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով և 2005 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվում էր տարեվերջի դրությամբ ապահովել մինչև 3% գնաճ՝ 8% տնտեսական աճի պայմաններում: Մինչդեռ տարվա արդյունքներով արձանագրվել է 0.2% գնանկում, իսկ տնտեսական աճի փաստացի ցուցանիշը էականորեն գերազանցելով կանխատեսված մակարդակը՝ կազմել է 13.9%: Տնտեսական աճի և գնաճի նշված ցուցանիշները պայմանավորվել էին տարվա ընթացքում տնտեսության գրեթե բոլոր հատվածներում արձանագրված դրական տեղաշարժերով: Համախառն առաջարկի տարեկան աճի բարձր տեմպեր են գրանցվել գյուղատնտեսության, կապիտալ շինարարության և արդյունաբերության ճյուղերում:

Բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում արձանագրվել է գյուղատնտեսական արտադրանքի 11.2% աճ: Նախորդ տարիներին սկսված և ընթացքի մեջ գտնվող երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև բնակչության խնայողությունների աճի հաշվին շինարարության ծավալների ավելացման շնորհիվ կապիտալ շինարարության աճը կազմել է 34.2%: Արդյունաբերության համախառն արտադրանքի 7.5% աճ է արձանագրվել հիմնականում մետաղագործական և քիմիական արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ավելացման հաշվին:

2005 թ. ընթացքում համախառն պահանջարկի բարձր աճն ապահովվել է հիմնականում ի հաշիվ ներքին պահանջարկի ընդլայնման: Ընդ որում, արտաքին տրանսֆերտների ներհոսքի որոշակի աճի և բնակչության եկամուտների շարունակական ավելացման հետևանքով մասնավոր սպառման աճը կազմել է 8.9%: Ինչ վերաբերում է մասնավոր ներդրումների 14.2% աճին, ապա դա դրսևորվելով կապիտալ շինարարության ծավալների ավելացմամբ, հիմնականում ֆինանսավորվել է տեղական ձեռնարկությունների ու բնակչության խնայողությունների աճի հաշվին: Ներմուծումն իրական արտահայտությամբ ավելացել է 20.5%-ով՝ առավելապես պայմանավորված ներդրումային ապրանքների ներմուծմամբ, որին զուգընթաց 10%-ով ավելացել է նաև ապրանքների և ծառայությունների արտահանումը` ի հաշիվ մետաղագործական և սննդի արտադրատեսակների:

2005 թ. ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը գնաճի վրա ընդհանուր առմամբ՝ ունեցել է չեզոք ազդեցություն, սակայն ծրագրված ցուցանիշների նկատմամբ, և հատկապես երկրորդ կիսամյակի վերջին ամիսներին դրսևորված ընդլայնողական վարքագծի պայմաններում վերջինիս ընդլայնող ազդեցությունը կդրսևորվի հաջորդ տարվա ընթացքում: Հարկ է նշել, որ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշի գերազանցումը ծրագրվածին ուղեկցվել է պետական ծախսերի՝ նախատեսված ծավալների համեմատությամբ փոքր-ինչ ավելի աճի արձանագրմամբ:

2005 թ. ընթացքում ֆինանսական հատվածում ՀՀ ԿԲ-ն նախաձեռնել և իրագործել է կարևոր օրենսդրական փոփոխություն  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում, որը նպատակաուղղված էր երկրում ընթացող դրամայնացման գործընթացի խրախուսմանն ու ազգային արժույթի շրջանառելիության ընդլայնմանը: 2005 թվականի դրամավարկային քաղաքականությունն իրականացվել է տնտեսությունում դրամայնացման գործընթացի, ինչպես նաև բարձր տնտեսական աճի արդյունքում դրամի նկատմամբ ձևավորված պահանջարկի բավարարման անհրաժեշտությունից ելնելով` առաջնային նպատակ ունենալով գնաճի ծրագրային ցուցանիշի ապահովումը: