ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2010թ. 3-րդ եռամսյակ)
(2010/3) 2010 թվականի երկրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները
Գնաճի վարքագիծը պայմանավորող տարաբնույթ մակրոտնտեսական զարգացումների պայմաններում 2010 թվականի երկրորդ եռամսյակում գերակշռել է գնաճային միջավայրը մեղմացնող գործոնների ազդեցությունը: Մասնավորապես, տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, արտաքին գնաճային ճնշումների մեղմացումը և 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը եռամսյակի ավարտին հանգեցրեցին 12-ամսյա գնաճի տեմպի էական նվազման, որը սակայն շարունակեց գերազանցել նպատակային միջակայքի վերին սահմանը: Չնայած գնաճի տեմպի էական նվազմանը, երկրորդ եռամսյակում որոշակի ռիսկեր նախանշվեցին կանխատեսվող հորիզոնում գնաճի տեմպի ավելացման ուղղությամբ:
2010 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է 1.6% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 3.0 տոկոսային կետով, կազմել է 5.8%: Եռամսյակի ընթացքում պարենային ապրանքների գներն ավելացել են 1.3%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին` 0.7 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 1.9%-ով (նպաստումը գնաճին` 0.3 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 2.0%-ով (նպաստումը գնաճին` 0.6 տոկոսային կետ): Պարենային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորվել է միրգ ապրանքախմբի գների 14.0% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.4 տոկոսային կետ) և մսամթերք ապրանքախմբի գների 3.7% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.4 տոկոսային կետ) աճով: Որոշակի նվազել են ձվի, շաքարավազի, ինչպես նաև բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գները, որոնց ընդհանուր նպաստումը եռամսյակի գնաճին կազմել է շուրջ -0.3 տոկոսային կետ: Եռամսյակի ընթացքում ծառայությունների սակագների աճը հիմնականում պայմանավորվել է բնակարանային, կոմունալ ծառայությունների սակագնի 9.1% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.7 տոկոսային կետ), ինչպես նաև բուժսպասարկման ծառայությունների սակագների 0.9% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.1 տոկոսային կետ) աճով: Տրանսպորտի ծառայությունների սակագները նվազել են 4.0%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ -0.2 տոկոսային կետ): Եռամսյակի ընթացքում բնականոն գնաճը կազմել է 0.5%, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 1.9 տոկոսային կետով` կազմելով շուրջ 5.4%: