Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2010թ. 2-րդ եռամսյակ)
(2010/1) 2010 թվականի առաջին եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները
Համաշխարհային տնտեսության դրական զարգացումների պայմաններում միջազգային շուկաներում պարենային և ոչ պարենային ապրանքների բարձր գների պահպանման, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների՝ նախորդ տարվանից փոխանցվող ընդլայնողական ազդեցությունների և, բացասական սպասումներով պայմանավորված, դրամի արժեզրկման դրսևորումների արդյունքում գնաճային միջավայրը 2010 թ. առաջին եռամսյակում պահպանվել է: Այսպես. արձանագրվել է 2.9% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ ավելանալով 2.3 տոկոսային կետով, կազմել է 8.8%: Հատկանշական է, որ նման բարձր ցուցանիշի ձևավորմանը նպաստել են ոչ միայն վերոնշյալ գնաճային գործոնները, այլ նաև նախորդ տարվա առաջին եռամսյակում արձանագրված ցածր գնաճը, ինչը բնորոշ չէր տարվա այդ ժամանակահատվածին:
2010 թ. առաջին եռամսյակի ընթացքում սպառողական զամբյուղում ներառված պարենային ապրանքների գներն ավելացել են 4.3%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 2.3 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 1.1%-ով (նպաստումը գնաճին՝ 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 1.3%-ով (նպաստումը գնաճին՝ 0.4 տոկոսային կետ): Գնաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի գնի 9.2% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.9 տոկոսային կետ), բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գնի 22.9% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 1.1 տոկոսային կետ) և բուժսպասարկման ծառայությունների սակագների 2.9% (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.3 տոկոսային կետ) աճով: Եռամսյակի ընթացքում գնաճային ճնշումների ազդեցությունն արտահայտվել է նաև բնականոն գնաճի վարքագծում, որը կազմել է 2.1%1 , ինչի ներգործությամբ 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելացել է 1.9 տոկոսային կետով` կազմելով շուրջ 7.1%: