ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր (2010թ. 4-րդ եռամսյակ)
(2010/4) 2010 թվականի երրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշները և զարգացումները
2010 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում բարձր գնաճային միջավայրի ձևավորման պատճառ են դարձել առավելապես գյուղատնտեսության ճյուղի խորը անկումը և միջազգային շուկաներում ցորենի գնի կտրուկ աճը: Այդ գործոնները եռամսյակի վերջին արձանագրված գնաճի ցուցանիշում արտացոլվել են հետևյալ համամասնություններով. 12-ամսյա 8.6% գնաճի 3.3 տոկոսային կետը ձևավորվել է միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ և 1.5 տոկոսային կետը` հացամթերք ապրանքախմբերում գների աճի հետևանքով: Այդուհանդերձ, եռամսյակի ընթացքում ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորումը մեղմվել է որոշ գործոնների ազդեցությամբ. մասնավորապես` տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացման` ներառյալ արտարժութային շուկայի զարգացումները, ինչպես նաև ներքին պահանջարկի դեռևս գնաճի չհանգեցնող վերականգնման արդյունքում: Նկարագրված պայմաններում եռամսյակի ընթացքում արձանագրվել է 0.3 % գնաճ, որի պարագայում էլ 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 2.8 տոկոսային կետով, կազմել է 8.6%: Ընդ որում, պարենային ապրանքների գները եռամսյակի ընթացքում նվազել են 0.2%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին՝ -0.1 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները մնացել են գրեթե անփոփոխ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 1.1%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին՝ 0.3 տոկոսային կետ): Եթե վերջին տարիներին բանջարեղեն և կարտոֆիլ և միրգ ապրանքախմբերի գների փոփոխությունների նպաստումը եռամսյակի գնաճի ցուցանիշին կազմել է միջինը -2.6 տոկոսային կետ, ապա 2010 թվականի երրորդ եռամսյակում նշված ապրանքախմբերի նպաստումը կազմել է 0.1 տոկոսային կետ, այսինքն` 2.7 տոկոսային կետով ավելի, ինչի պատճառով էլ փաստացի արձանագրված ցուցանիշը գրեթե նույն չափով շեղվել է եռամսյակի համար կանխատեսված ցուցանիշից: Եռամսյակի ընթացքում բնականոն գնաճը կազմել է 0.4%1 , որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով շուրջ 4.9%: