Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2008թ. 2-րդ եռամսյակ)

(2008/2) Հարգելի ընթերցող

2008 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 17-րդ հոդվածների փոփոխված դրույթները, որոնց համաձայն` փոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևաչափերը և կառուցվածքը: Նախկինում ներկայացվող «ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը» ներառում էր գնաճի և ֆինանսական կայունության մասին հաշվետվությունները, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը և կառավարման հաշվետվությունը, ինչպես նաև վիճակագրական հավելված: Օրենքի նոր պահանջների համաձայն` այսուհետ գնաճի եռամսյակային հաշվետվությունները կհրապարակվեն որպես առանձին փաստաթուղթ՝ դրամավարկային եռամսյակային ծրագրերի հետ մեկտեղ ներառվելով մեկ պարբերականում, որը տարեկան երկու անգամ` 1-ին և 3-րդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում ներկայացվելու է Ազգային ժողով: Բացի այդ, տարեկան պարբերականությամբ հրատարակվելու են «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»  և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիրը» :

Սույն պարբերականը ներկայացնում է 2008 թ. 2-րդ եռամսյակի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը և գնաճի հաշվետվությունը: 2008 թվականի 2-րդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) դրամավարկային քաղաքականության ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

  1. 2008 թվականի առաջին եռամսյակի փաստացի ցուցանիշներ». ներկայացվում են գնաճի, արտաքին հատվածի, համախառն առաջարկի ու պահանջարկի, ինչպես նաև դրամավարկային հատվածի փաստացի զարգացումները,
  2. «2008 թվականի երկրորդից չորրորդ եռամսյակների ճշգրտված և 2009 թվականի առաջին եռամսյակի կանխատեսումները». ԿԲ կանխատեսումներն են արտաքին հատվածի, համախառն առաջարկի և պահանջարկի, աշխատուժի շուկայի և դրամավարկային զարգացումների վերաբերյալ,
  3. «Գնաճի կանխատեսումներ» . տնտեսության առանձին հատվածներում ակնկալվող զարգացումներից ելնելով` տրվում է առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի գնաճի կանխատեսումը,
  4. «Դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում» . ներկայացվում է գնաճի վրա արտաքին և ներքին միջավայրի ազդեցության, առկա գնաճային ռիսկերի և դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների վերաբերյալ ՀՀ ԿԲ գնահատականը:

2008 թվականի 2-րդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը ներառում է հետևյալ հիմնական բաժինները.

  1. Համառոտագիր. ամփոփ ներկայացվում են 2008թ. 2-րդ եռամսյակում գնաճի միտումները, ԿԲ դրամավարկային քաղաքականության ընթացքը և ձևավորված մակրոտնտեսական միջավայրը.
  2. Գնաճի զարգացումներ. մանրամասն դիտարկվում են գնաճի փաստացի ցուցանիշները՝ ըստ ապրանքների և ծառայությունների խմբերի, բնականոն գնաճի վարքագիծը և գնաճի նպատակային ցուցանիշի ապահովման ընթացքը.
  3. Գնաճի գործոններ, որի շրջանակներում վերլուծվում են.
  • Արտաքին միջավայրը
  • Վճարային հաշվեկշիռը
  • Տոկոսադրույքները, փոխարժեքը և դրամավարկային զարգացումները
  • Համախառն պահանջարկը և առաջարկը
  • Աշխատանքի շուկան
  • Ներմուծման և արտադրողների գները
  • Գնաճի սպասումները

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ