Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն, 2008թ. 1-ին եռամսյակ)

(2008/1) 2007 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի ցուցանիշներ

2007 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ նախորդ եռամսյակի նկատմամբ արձանագրվել է 6.8% գնաճ, որի պարագայում տ/տ գնաճը կազմել է 6.6%: Այն գերազանցել է տարվա համար նախատեսված տատանման թույլատրելի միջակայքը շուրջ 1 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորվել է միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների շեշտակի աճի՝ ներքին գների վրա ազդեցությամբ: Մասնավորապես՝ «Հացամթերք» և «Կենդանական ու բուսականյուղ» ապրանքախմբերի տ/տ աճը կազմել է համապատասխանաբար 24% և 29.2%՝ նպաստելով գնաճին 3.6 և 1.2 տոկոսային կետով: Սպառողական գների զամբյուղի երեք խոշոր բաղադրիչների՝ պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները համապատասխանաբար աճել են՝ տ/տ 9.7%, 2.5% և 3.2%-ով: Հատկանշական է, որ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճը պայմանավորված է ինչպես համաշխարհային պահանջարկի արագ աճով՝ զարգացող երկրների եկամուտների և կենսավառելիքի պահանջարկի արդյունքում, այնպես էլ առաջարկի սահմանափակությամբ՝ կլիմայական փոփոխությունների և պաշարների սակավության հետևանքով (տե՛ս Հավելված 1): Բնականաբար, այս զարգացումները գնաճային ճնշումներ են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև մյուս բոլոր երկրներում: Մասնավորապես, ԱՊՀ, Մերձբալթյան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում արձանագրվել են գնաճի նպատակային թիրախի էական գերազանցումներ (տե՛ս Հավելված 2): Այս համատեքստում, մեր հանրապետությունում, սկսած 2006 թ. կեսերից, դրամավարկային պայմանների խստացումը թույլ է տվել մեղմել գնաճի նպատակային թիրախից նման մեծ շեղումները: Մասնավորապես, 2006 թ. օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.75 տոկոսային կետով, իսկ 2007թ. հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում՝ 1.25 տոկոսային կետով:

2007 թվականին տնտեսության իրական աճի տեմպերը զգալիորեն ավելացել են՝ տ/տ 13.7%, որը պայմանավորվել է հիմնականում շինարարության, ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերում ավելացված արժեքի իրական աճերի բարձր տեմպերով: Ըստ տարվա արդյունքների՝ դրանք կազմել են համապատասխանաբար տ/տ 18%, 12.4% և 9.6%: Հաշվետու տարվա ընթացքում ներքին պահանջարկի իրական աճը կազմել է տ/տ 13.9%՝ պայմանավորված մասնավոր սպառման տ/տ 12% և մասնավոր ներդրումների տ/տ 16% աճով: Պետական սպառման և պետական ներդրումների իրական աճը կազմել է համապատասխանաբար տ/տ 14.5% և 35.1%: 2007 թվականի ընթացքում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա եղել է չեզոք, որը հիմնականում պայմանավորվել է հարկային եկամուտների գերակատարմամբ (1.6% զսպող ազդեցություն) և կատարված ծախսերով (1.6% ընդլայնող ազդեցություն):

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2007 թվականին տնտեսության միջին անվանական և իրական աշխատավարձերը ավելացել են համապատասխանաբար 21.2% և 19.5%-ով (նախորդ տարի՝ 22.9% և 20.3%): Արձանագրվել է աշխատանքի արտադրողականության աճի բարձր՝ 13.3% ցուցանիշ՝ նախորդ տարվա 12.7%-ի փոխարեն: Գնաճի վրա աշխատանքի շուկայի ազդեցությունը շարունակում է խթանող լինել, քանի որ արտադրողականության աճը դեռևս ցածր է աշխատավարձի աճի ցուցանիշից:

2007 թվականի չորրորդ եռամսյակում ևս ընթացիկ հաշվի պակասուրդը խորացել է (տ/տ 207.7 մլն ԱՄՆ դոլարով)՝՝ հիմնականում պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով (տ/տ 316.4 մլն ԱՄՆ դոլարով): Ընդ որում, ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը տարեկան արդյունքներով կազմել է 6.3% (նախորդ տարի՝ 1.8%): Ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը տեղի է ունեցել արտահանման տ/տ 5.8% և ներմուծման 56.1% աճի արդյունքում: Եռամսյակի ընթացքում բանկային համակարգով ստացված ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը ավելացել է տ/տ 41%-ով: Հաշվետու տարում դրամավարկային միջավայրը, ինչպես և սպասվում էր, բնութագրվել է դրամայնացման ակտիվ գործընթացով, ինչն արտահայտվել է փողի ագրեգատների դրամային բաղադրատարրերի բարձր աճով. դրամային զանգվածի տ/տ աճը կազմել է 63.9%, որը պայմանավորվել է շրջանառությունում գտնվող կանխիկի և դրամային ավանդների համապատասխանաբար 54.2% և 79.6% աճով:

Դրամի շարունակական արժեքավորման պայմաններում արտարժութային ավանդները դրամային արտահայտությամբ նվազել են տ/տ 9.1%-ով: Նշված շարժերի արդյունքում փողի զանգվածն աճել է տ/տ 42.3%-ով: Նույն ժամանակահատվածում փողի բազան ավելացել է 50.9%-ով: Տարվա ընթացքում պահպանվել են նաև տնտեսության վարկավորման՝ տարեսկզբից դրսևորված բարձր աճի տեմպերը՝ տ/տ 78%, որի կառուցվածքում ավելի քան 2 անգամ աճել են դրամով վարկերը: