Հայաստանի Հանրապետություն դրամավարկային քաղաքականության ծրագիր 2007թ.

2007թ․ Դրամավարկային քաղաքականության հիմնադրույթները

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է: Դրանով ԿԲ-ն իր մասնակցությունն է ունենում երկարատև ժամանակահատվածում կայուն և բարձր տնտեսական աճի ձեռքբերման տնտեսական քաղաքականության իրականացմանը: Գների կայունությունը ենթադրում է գների մակարդակի այնպիսի փոփոխություն, որը չի ազդում տնտեսավարող սուբյեկտների կողմից ներդրումների, խնայողությունների կատարման և այլ կարևոր որոշումների կայացման վրա: Որպես այդպիսին՝ ընդունված է սահմանել գնաճի ցածր և կայուն մակարդակ, որը ՀՀ տնտեսության համար միջին ժամկետում 3% ցուցանիշն է: Վերջինս էլ միջին ժամկետում գնաճի նպատակային ցուցանիշն է:

Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով յուրաքանչյուր տարի Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության տարեկան ծրագիրը: Ծրագրում նշվում են դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը, ուղղությունները, որոնցով ԿԲ-ն պետք է առաջնորդվի օրենսդրի կողմից սահմանված գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու համար: Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 19.12.2005 թ. թիվ 563 Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի դրույթների՝ ՀՀ կենտրոնական բանկը 2006 թվականից սկսել է գնաճի լիարժեք նպատակադրման ռազմավարությանն անցման գործընթացը: Վերջինս շարունակվելու է նաև 2007 թվականի ընթացքում:

Գնաճի նպատակադրման ռազմավարությունը ներկայումս, արագորեն փոփոխվող տնտեսական միջավայրում, ՀՀ տնտեսության հիմնարարների փոփոխության պայմաններում գնաճի կառավարման առավել արդյունավետ և թափանցիկ մեթոդ է և ենթադրում է գնաճի ոչ թե միջնորդավորված (նախկինում՝ փողի ագրեգատների միջոցով), այլ ուղղակի նպատակադրում:

Գնաճի նպատակադրման ռազմավարություն իրականացնելիս ԿԲ-ն առաջնորդվում է հետևյալ դրույթներով.

  1. ՀՀ ԿԲ հիմնական և առաջնային նպատակը գների կայունության ապահովումն է (գնաճի նպատակային ցուցանիշը 2007 թվականի համար կազմում է 4% (+1.5%), 2008 թվականի համար՝ 3% (+1.5%)):
  2. Որպես գնաճի ցուցանիշ՝ սահմանվում է ընդհանուր գնաճը` սպառողական գների ինդեքսի աճը, որն իրենից ներկայացնում է 470 սպառողական ապրանքների գների և ծառայությունների սակագների ինդեքսի աճը:
  3. Որպես անվանական խարիսխ՝ ծառայում է գնաճի կանխատեսված մակարդակը:
  4. Որպես գործառնական նպատակ՝ ընդունվում է կարճաժամկետ տոկոսադրույքը:
  5. Որպես դրամավարկային քաղաքականության հիմնական գործիք՝ կիրառվում է ռեպո (վերաֆինանսավորման) գործառնությունը, որի տոկոսադրույքը սահմանվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին՝ տվյալ ամսվա համար: Ընդ որում, դրամավարկային քաղաքականությունը տնտեսությանն ազդակներ է հաղորդում ոչ միայն տոկոսադրույքի փոփոխության, այլ նաև որոշակի ժամանակահատվածում դրանց մակարդակն անփոփոխ թողնելու միջոցով:
  6. Յուրաքանչյուր եռամսյակի սկզբին ԿԲ խորհուրդը որոշում է կայացնում առաջիկա եռամսյակի դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ՝ հիմնվելով գնաճի կանխատեսումների, տնտեսության առանձին հատվածների ռիսկերի վրա:
  7. Որպես գնաճի նպատակային ցուցանիշի ապահովման ժամանակային հորիզոն՝ սահմանվում է 12 ամիսը, որը նշանակում է, որ յուրաքանչյուր եռամսյակ կանխատեսվում է առաջիկա 12 ամիսների գնաճը, և նպատակային ցուցանիշի ու կանխատեսվածի միջև հնարավոր շեղման վերացմանն էլ ուղղվում է դրամավարկային քաղաքականությունը: Միաժամանակ, ԿԲ-ն, բացի եռամսյակային գնաճից, հետևում է նաև ամսական ցուցանիշներին, սակայն փաստացի գնաճի վերլուծությունը կատարվում է եռամսյակային կտրվածքով:
  8. Դրամավարկային քաղաքականության հաշվետվելիության և թափանցիկության ապահովման նպատակով ԿԲ-ն յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է Գնաճի հաշվետվությունը, որը ներառում է նախորդ ժամանակահատվածի գնաճի վերլուծությունը, այն պայմանավորող գործոնները, ինչպես նաև հաջորդ ժամանակահատվածի գնաճի կանխատեսումները: Տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ խորհրդի որոշման կայացումից անմիջապես հետո ԿԲ-ն հրապարակում է Մամուլի հաղորդագրություն, իսկ տոկոսադրույքի սահմանման վերաբերյալ խորհրդի նիստի արձանագրությունը՝ Տոկոսադրույքի արձանագրությունը հրապարակվում է տվյալ ամսվա առաջին տասնօրյակի ընթացքում: Յուրաքանչյուր եռամսյակի սկզբին հրապարակվող Տոկոսադրույքի արձանագրություններն ավելի ընդլայնված են և ներառում են դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ ԿԲ խորհրդի քննարկումները և որոշումները: Տոկոսադրույքի արձանագրությունները հրապարակվում են նաև ԿԲ ամենամսյա տեղեկագրերում՝ որպես Դրամավարկային ամփոփագրեր, և գնաճի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններում՝ «ՀՀ ԿԲ բանբերում»՝ որպես գնաճի կառավարմանն ուղղված քաղաքականության և գնաճի սպասումներն արտացոլող մեկնաբանություն:
  9. Առավել խորը կվերլուծվեն և կմեկնաբանվեն այն բացառիկ իրողությունները, որոնք համաշխարհային պրակտիկայում ընդունված է համարել գնաճի վրա օբյեկտիվորեն ազդող ոչ մոնետար գործոններ.
  • համաշխարհային գների կանխատեսված և փաստացի մակարդակների էական շեղումները,
  • արտաքին ցնցումներով պայմանավորված՝ դրամի փոխարժեքի զգալի տատանումները, որը չի արտացոլում տնտեսության ներքին զարգացումները և իրականացված դրամավարկային քաղաքականությունը, 
  • գյուղատնտեսության ոլորտում զգալի փոփոխությունները, որոնք անդրադառնում են ապրանքների գների վրա,
  • բնական աղետները և այլ արտակարգ իրավիճակները, որոնք կարող են առաջացնել առաջարկով կամ պահանջարկով պայմանավորված գնային ցնցումներ:

Վերջիններս կարող են առաջացնել հիմնականում առաջարկի ցնցումներ, որոնք մեկանգամյա ու անցողիկ երևույթներ են, և դրամավարկային քաղաքականության միջոցով դրանց ազդեցության չեզոքացումը կխանգարի տնտեսական ակտիվության աճին: Թերևս ցածր գնաճի կարճ պատմություն ունեցող երկրներում նման ցնցումները գնաճային սպասումներ են ձևավորում: Այդ իսկ պատճառով ԿԲ-ն անհրաժեշտ է համարում գնաճի վրա այդ գործոնների ազդեցության և ԿԲ դիրքորոշման մանրամասն մեկնաբանությունը:

ԿԲ-ն կշարունակի հետևել դրամի նկատմամբ պահանջարկի, մասնավորապես՝ ապադոլարայնացման երևույթի զարգացումներին և, ուղղորդվելով գլխավոր նպատակի ապահովման առաջնահերթությամբ, ակտիվորեն կբավարարի դրամի նկատմամբ պահանջարկը:

Գնաճի նպատակադրման ռազմավարություն իրականացնելիս ԿԲ-ն փոխարժեքի կանխատեսումներ չի կատարում և հավատարիմ է լողացող փոխարժեքի ռեժիմի սկզբունքներին: ԿԲ-ն չի կատարում նաև տոկոսադրույքների կանխատեսումներ:

2007 թվականին ևս կհրապարակվի գնաճի պայմանական կանխատեսված մակարդակը, այսինքն` կներկայացվեն դրամավարկային քաղաքականության ընթացքի որակական բնութագրիչները:

2007 թվականի ընթացքում կներդրվի եռամսյակային կանխատեսումների մոդելը, որը փոխկապակցում է տոկոսադրույքները, գնաճը և բիզնես-պարբերաշրջանները` գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու համար համապատասխան դրամավարկային քաղաքականության ուղղությունների ընտրության նպատակով:

Ինչպես գնաճի մոդելում, այնպես էլ հրապարակումներում, ԿԲ-ն կշարունակի ներկայացնել ապագային միտված դատողությունները ներառող մոտեցում:

Ինչպես 2006 թվականին, 2007 թվականի դրամավարկային քաղաքականությունը ևս ԿԲ-ն կիրականացնի վերը նշված դրույթներին համապատասխան` բարձր գնաճային սպասումների, առաջարկի և պահանջարկի հնարավոր ցնցումներից բխող անորոշության պայմաններում: