Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2003թ. 1-ին կիսամյակ

(2003/1) Տնտեսական միջավայրի բնութագիրը

Նախորդ երկու տարիներին տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը (2001 թ. իրական ՀՆԱ աճը՝ 9.6%, 2002 թ.՝ 12.9%) շարունակվել են 2003 թվականին, և առաջին կիսամյակում արձանագրվել իրական ՀՆԱ-ի 14.8%-ով աճ՝ ծրագրված 8.6%-ի դիմաց: Նման ցուցանիշը կիսամյակի ընթացքում ուղեկցվել է նաև սպառողական գների ընդհանուր մակարդակի աճի բարձր տեմպերով՝ 6.8%, որը նույնպես գերազանցել է ծրագրված 3.3% ցուցանիշը: Իրական ՀՆԱ-ի և սղաճի վարքագծերը պայմանավորված են տնտեսության տարբեր հատվածներից համախառն առաջարկի և համախառն պահանջարկի վրա ունեցած ընդլայնողական ազդեցությամբ: Ընդ որում, սղաճի ծրագրված մակարդակի գերազանցմանն առավելապես նպաստել են սպառողական գների տատանումների սեզոնային գործոնը և հունիսին հացամթերքի գների կտրուկ աճը:

Պետական հատվածում ծախսումների մակարդակը (առանց զուտ վարկավորման), նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ անվանական արտահայտությամբ աճելով 19.7%-ով համահունչ էր տնտեսական ակտիվության ձևավորված մակարդակին: Ծախսումների աճի եկամտային մասն ապահովվել է հարկային եկամուտների աճի և Լինսի դրամաշնորհի միջոցների հաշվին:

Մասնավոր հատվածում նախորդ տարիներին արձանագրված եկամուտների աճի բարձր տեմպերը նպաստել են այս տարվա առաջին կիսամյակում մասնավոր սպառման և կապիտալ ներդրումների (համապատասխանաբար 13.1% և 13.5%) ծավալների աճի բարձր տեմպերի ձևավորմանը հատկապես շինարարության ոլորտում: Արդյունքում, ներքին պահանջարկի աճն առաջին կիսամյակում կազմել է 15%:

Ներքին պահանջարկի նշված աճը բնականաբար իր ազդեցությունն է ունեցել արտաքին հաշվեկշռվածության վրա, և կիսամյակի ընթացքում, արտահանման համեմատ ներմուծման ծավալի առաջանցիկ աճով պայմանավորված, արձանագրվել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ առևտրային հաշվեկշռի պակասուրդի 16% աճ:

Ներքին պահանջարկի աճը իր ազդեցությունն է ունեցել նաև համախառն առաջարկի ընդլայնման վրա: Այն առավելապես արտահայտվել է շինարարության 45.4% աճով: Արդյունաբերության աճը պայմանավորվել է ոչ միայն ներքին պահանաջարկով, այլ նաև վերամշակող ենթաճյուղում (ադամանդագործություն, ոսկերչություն) նախորդ տարիներից նկատվող առաջարկի ընդլայնմամբ՝ ի հաշիվ արտաքին պահանջարկի և արտադրողականության աճի: Արդյունքում, արդյունաբերության ճյուղում նույնպես գրանցվել է թողարկման ծավալների աճ (18.6%):

Համախառն առաջարկի և համախառն պահանջարկի վարքագծերի նման զարգացումների ներքո պետք էր ակնկալել ավելի բարձր սղաճ, քան ծրագրվել էր: Արդյունքում, կիսամյակի վերջում 2002 թ. դեկտեմբերի համեմատությամբ բնականոն սղաճը (բացառելով «Հացամթերք»  ապրանքախումբը) գերազանցել է նախորդ տարվա մակարդակը (համապատասխանաբար 1.2% և -0.2%): Ի լրումն նշվածի՝ չկանխատեսված այլ գործոններ նույնպես նպաստել են սղաճի ավելի բարձր տեմպերի գրանցմանը, ընդ որում, ազդեցության ավելի մեծ չափով: Մասնավորապես, արձանագրվել է հացամթերքի գների կտրուկ աճ՝ պայմանավորված միջազգային շուկաներում ցորենի առաջարկի կրճատմամբ, հետևաբար նաև գների աճով, ինչը սպառողական գների աճին նպաստել է 2.1 տոկոսային կետով: Կիսամյակի վերջում գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային անկում չի գրանցվել, և պահպանվել են դրանց ավելի բարձր մակարդակ, քան ծրագրված էր: Նշված շեղումը, ինչպես և նախորդ տարի, պայմանավորված էր վեգետացիոն շրջանի ուշացմամբ:

Մակրոտնտեսական իրավիճակի և սղաճի՝ վերը նկարագրված միտումների ներքո ՀՀ ԿԲ կողմից փողի առաջարկի կառավարումն ունեցել է հետևյալ վարքագիծը:

Նախորդ տարվա վերջին փողի ագրեգատների խոշորածավալ աճի կրճատումն այս տարվա առաջին կիսամյակում, ինչպես և ծրագրվել էր, իրականացվել է աստիճանաբար՝ պահպանելով ֆինանսական շուկաներում գնային ցուցանիշների համեմատաբար կայուն վարքագիծ: Թեև տնտեսական աճի բարձր մակարդակը նպաստել է փողի նկատմամբ պահանջարկի ավելացմանը, այդուհանդերձ փողի շրջապտույտի արագությունը երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է ավելի մեծ տեմպերով, քան նախորդ տարիների միջին ցուցանիշն է՝ վկայելով ԿԲ դրամավարկային քաղաքականության ընդլայնողական բնույթի մասին: Արդյունքում, փողի զանգվածը և փողի բազան կիսամյակի ընթացքում նվազել են համապատասխանաբար 7.9% և 14.3%-ով: Դրամավարկային քաղքականության նման ընթացքն ունեցել է նաև տոկոսադրույքների նվազմանը նպաստելու ուղղվածություն, ինչի արդյունքում պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կիսամյակի ընթացքում նվազել է մոտ 3%-ով: