Սղաճը Հայաստանի Հանրապետությունում 2001թ. 1-ին կիսամյակ
2001.1 Տնտեսական միջավայրի բնութագիրը
Դրամավարկային քաղաքականության ծրագրին համապատասխան` առաջին կիսամյակում տնտեսական միջավայրը հիմնականում պետք է պայմանավորվեր հետևյալ առանձնահատկություններով: Նախ` իր շարունակական ազդեցությունը պետք է ունենար նախորդ տարեվերջին արձանագրված տնտեսական ակտիվության աննխադեպ աճը` հատկապես մասնավոր սպառման աճի միջոցով: Ակնկալվում էր նաև Լինսի հիմնադրամից արտաքին զգալի ֆինանսական ներհոսք` պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Այս պայմաններում նախատեսվում էր, որ առաջին կիսամյակում կգրանցվի 13.1% իրական տնտեսական աճ, 2.4% դեֆլյատորի աճ և տարեվերջի նկատմամբ 2.6% սղաճ: Սակայն ամբողջական պահանջարկի ընդլայնման առումով, վերը նշված ակնկալիքները չարդարացան:
Առաջին եռամսյակում պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար ստացված արտաքին միջոցների (2001 թվականից 2002թ. տեղափոխված՝ ԿԲՎ-ի 14.5 մլն ԱՄՆ դոլար) մի մասի հաշվին իրականացվել է չնախատեսված արտաքին պարտավորությունների վճարում և չի ստացվել պարենային ապահովման դրամաշնորհը: Առավել պակաս չափերով են իրականացվել նաև Լինսի հիմնադրամի միջոցով իրականացված ծախսերը: Մյուս կողմից՝ չի ապահովվել մասնավոր սպառման ակնկալվող աճը, թերևս վերջինիս վրա զսպողական ազդեցություն թողած այլ գործոնների, մասնավորապես՝ եկամուտների անհավասարաչափ բաշխվածության պատճառով: Արտաքին հատվածում շարունակվել են դրական միտումները, ընդ որում՝ առավել, քան ծրագրվել էր:
Արդյունքում՝ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կրճատվել է 2.5 տոկոսային կետով ավելի, քան ծրագրվել էր: Նշվածին զուգահեռ, ներմուծման գների մոտ 2.3%-ով դոլարային աճը և հատկապես ՀՀ դրամի 2.9%-ով արժեզրկումը հանգեցրել են արտաքին հատվածի կողմից սղաճի վրա ընդլայնողական ազդեցության: Ծրագրվածի համեմատ ցածր աճ է գրանցվել նաև ամμողջական առաջարկի մասով: Ամբողջական առաջարկի կառուցվածքում թերևս էական էին գյուղատնտեսության ճյուղի զարգացումները: Մասնավորապես, բնակլիմայական գործոնով պայմանավորված՝ գարնանացանի թերակատարումը (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, 2002 թ. մայիսի 1-ի դրությամբ ցանքատարածությունը կազմել է 41.3%, հունիսի 1-ի դրությամբ՝ 66.3%) հանգեցրել է որոշ գյուղատնտեսական մթերքների (որոնք ներառված են սպառողական զամբյուղում) թողարկման ծավալների կրճատման և հետևաբար՝ ազդել գների վրա:
Նշված զարգացումների պայմաններում տնտեսության տարբեր հատվածներում փողի առաջարկը կառավարելիս ՀՀ ԿԲ-ն հիմք է ընդունել տարեսկզբից գնահատված փողի պահանջարկը՝ պահպանելով կարճաժամկետ տատանումներին արագ չարձագանքելու սկզբունքը: Միայն երկրորդ եռամսյակից, երբ ակնհայտ էին գների վրա ճնշումների դրսևորումները, փողի բազայի կառավարումը շարունակվել է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում: