Գնաճի հաշվետվություն 2022/2 (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2022թ. Դրամավարկային քաղաքականության 2022թ. 1-ին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)​

Համառոտագիր

2022 թ. երկրորդ եռամսյակում ռուս-ուկրաինական հակամար­տության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող պատ­ժամիջոցների և դրանցից ածանցվող մեծ անորոշության պահպան­ման ազդեցությամբ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարու­նակվում են տնտեսական ակտիվության տեմպերի դանդաղման միտումները: Դրան զուգահեռ, արժեշղթաների պահպանվող խա­թարումների հետևանքով միջազգային ապրանքահումքային շուկա­ներում, ինչպես նաև գործընկեր երկրներում դիտվում է գնաճային միջավայրի շարունակական ընդլայնում և գնաճային սպասումների ավելացում: Արտաքին հատվածի նման զարգացումների ազդեցութ­յունը ՀՀ տնտեսության վրա մի կողմից արտահայտվում է ներմուծ­վող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին փոխանցվող գնաճային ազդեցությամբ, մյուս կողմից` ծառայությունների ոլոր­տում արտաքին պահանջարկի էական ավելացման ազդեցությամբ տնտեսական ակտիվության բարձր աճով և գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմամբ:

Երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը, առաջին եռամսյակի նվազումից հետո, կրկին ավելացել է և մայիսին կազմել 9.0%: ՀՀ ԿԲ ներկայացվող սցենարի համաձայն՝ ներկայիս գնաճի գործոն­ների կազմում գերակշռող համաշխարհային գնաճային երևույթ­ների և արտաքին պահանջարկի ազդեցությունները ՀՀ դրամի զուգահեռաբար ընթացող արժևորման պայմաններում առաջի­կայում կթուլանան՝ դանդաղեցնելով գնաճը և չեզոքացնելով գնաճային սպասում­ների հետ կապված ռիսկերը: Ելնելով այս դա­տողությունից և այն հանգամանքից, որ դրամավարկային պայ­մանների նախորդ՝ հա­մեմատաբար մեծ քայլով խստացումը բա­վարար արձագանք էր բարձր գնաճային միջավայրի մեղմման ուղղությամբ՝ Կենտրոնա­կան բանկն այս փուլում ձեռնպահ է մնացել քաղաքականության տոկոսադրույքի փոփոխությունից: Միաժամանակ, ԿԲ-ն հետևո­ղական է լինելու համարժեք գործողութ­յուններով ապահովելու գնա­ճի կայունացում և չեզոքացնելու գնաճա­յին սպասումների ապա­խարսխման յուրաքանչյուր ռիսկ:

Իրականացվող դրամավարկային քաղաքականության և սպաս­վող մակրոտնտեսական զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թ. երկրորդ կեսից կկա­յու­նանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ ներկայացվող սցենարի համաձայն՝ տնտեսական բարձր ակտիվությունն առաջիկայում կպահպանվի, ինչի արդյունքում 2022 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախորդ գնահատականից էականորեն բարձր կլինի: Միջնաժամկետում այն աստիճա­նա­բար կնվազի և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ: 

2022 թ. համար սպասվող տնտեսական աճին հիմնականում կնպաստի ռուս-ուկրաինական հակամարտության պահպանման պայմաններում դեպի Հայաստան միջազգային այցելուների և ֆի­նանսական մեծածավալ ներհոսքի ազդեցությամբ ծառայություն­ների ճյուղում բարձր պահանջարկի ձևավորումը: Միաժամանակ, համախառն պահանջարկի կառուցվածքում, արտաքին պահանջար­կին զուգահեռ, դիտվում է նաև ներքին սպառման որոշակի արագա­ցում՝ պայմանավորված «հետաձգված» մասնավոր ծախսումների վերականգնվող աճով: Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը, արտաքին պահանջարկի ազդեցության թու­լացման պա­րագա­յում աստիճանաբար կնվազի ու կմոտենա գնահատվող երկա­րա­ժամկետ կայուն մակարդակին։ 

Կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ տնտեսական աճի մասով փոքր-ինչ գերակշռում են աճի ուղղությամբ ռիսկերը (ման­րամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» են­թաբաժինը): Գնաճի առումով դրանք հիմնականում հանգում են ցա­մաքային ճանապարհով ՀՀ-ից ապրանքների արտահանման և ներ­մուծման տրանսպորտային բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին, միջազգային արժեշղթաների խաթարումների, ինչպես նաև դրամի արժևորման՝ գնաճին փոխանցման ուղիների ազդեցութ­յուններին: Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ ապահովելու համար գների կայունության իր հիմնական նպատակը: