Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը (2018 թվական)
Նախաբան
2018 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և եկամուտների աճին զուգահեռ ֆինանսական համակարգի մասնակիցները ցուցաբերել են բարձր ակտիվություն վարկային և ավանդային շուկաներում: Ֆինանսական համակարգի միջնորդությունը բնութագրող ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության և վարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 4.0 և 4.1 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 97.6% և 53.9%: Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը բանկային համակարգն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 85.1%-ը:
Բանկային համակարգում արձանագրվել է հաշվեկշռային ամփոփ ցուցանիշների զգալի աճ: Վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ու ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների հիմնական ցուցանիշները ևս դրսևորել են կայուն աճի միտումներ: Բանկային համակարգի կայունությունը բնութագրող կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները շարունակում են պահպանվել պահանջվող նվազագույն սահմանաչափերից բարձր: 2018 թվականի վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմել է 17.7%1 , իսկ ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները՝ համապատասխանաբար 27.3% և 116.6%2 :
Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները տարվա ընթացքում ցուցաբերել են նվազման միտում: Ֆինանսական համակարգի կայունության խնդրից ելնելով՝ Կենտրոնական բանկը շարունակել է ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման ու վերահսկողության արդյունավետության բարձրացման և սպառողների շահերի պաշտպանության ու հասարակության տարբեր նպատակային խմբերի ֆինանսական կրթման աշխատանքները: