Ֆինանսական կայունության հաշվետվություն (2020թ. առաջին կիսամյակ)

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

2020 թ. առաջին կիսամյակում COVID-19 համավարակի հետևանքով ֆինանսական կայունության մարտահրավերները էականորեն տարբերվում են նախորդ բոլոր ճգնաժամերի մարտահրավերներից: Համավարակի աննախադեպ մասշտաբները և բնույթը խոր տնտեսական անկման և անորոշությունների պատճառ են հանդիսացել: ՀՀ Կառավարությունը, ՀՀ կենտրոնական բանկը կարևորագույն միջոցառումներ են ձեռնարկել համավարակի հետևանքով տնտեսական ակտիվության, սպառման ու եկամուտների կրճատման,  ֆինանսական շուկաների ու բանկային համակարգի առջև ծառացած անորոշությունների միաժամանակյա դրսևորված հետևանքները մեղմելու ու չեզոքացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակար­գը 2020 թ. առաջին կիսամյակում գործել է արագ փոփոխվող ու անորոշ մակրո­տնտեսական միջավայրում: Համավարակի տարածման կանխարգելման ու դրա հետևանքների մեղմման նպատակով տնտեսական սահմանափակումների կիրառմամբ պայմանավորված՝ արձանագրվել է տնտեսական անկում: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին պահանջարկի վերականգնման որոշակի ուշացման հանգամանքը, շարունակել է դրամավարկային պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրամավարկային պայմանների թուլացումը և Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շարունակականությունը միտված են նպաստելու ներքին պահանջարկի վերականգնմանը:

Ֆինանսական համակարգին հաջողվել է ապահովել տնտեսությունում ֆինանսական ծառայությունների մատուցման անընդհատությունը: Համավարակի կանխման նպատակով կիրառվող սահմանափակումների պայմաններում առևտրային բանկերը շարունակել են մատուցել բանկային ծառայությունները՝ առաջնությունը տալով օնլայն/հեռավար ծառայությունների հասանելիության, հաճախորդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Առևտրային բանկերի նախաձեռնությամբ առաջարկված վարկային արձակուրդները և վարկերի պայմանների վերանայումները հնարավորություն տվեցին համավարակից առավելապես տուժած վարկառուներին վերաբաշխելու իրենց պարտքի սպասարկման բեռը՝ ապագա ակնկալվող եկամուտներին համարժեք:

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերի աճի տեմպը պահպանվել է։

Բանկային համակարգում կապիտալի բավարար բարձր մակարդակի և իրացվելիության բուֆերների առկայության, ՀՀ  կառավարության հակաճգնաժամային միջոցառումների, ինչպես նաև ստեղծված իրավիճակին ԿԲ քաղաքականության համահունչ արձագանքի արդյունքում վարկերի աճի տեմպերի դանդաղում չի արձանագրվել։  Վարկերի աճի մակարդակը նաև պայմանավորված է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկային արձակուրդների տրամադրման գործընթացով, որի արդյունքում հետաձգվել են վարկերի գծով ըստ ժամանակացույցի նախատեսվող մարումները։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ համավարակի հետ կապված զարգացումներն ու տնտեսական ակտիվության վերականգնման հեռանկարները դեռևս անորոշ են, և տնտեսության մեջ եկամուտների վերականգնման դանդաղմանը զուգընթաց ապագայում հնարավոր է վարկերի աճի տեմպերի դանդաղում։

Համավարակի կանխարգելման նպատակով կիրառվող սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ակտիվության անկումը և եկամուտների կրճատումը բացասաբար կանդրադառնան ֆինանսական հաստատությունների վարկային պորտֆելի որակի  վրա: Ենթադրվում է, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկային արձակուրդների տրամադրումը թույլ է տվել աճող վարկային ռիսկի դրսևորումները և դրա գծով կորուստները տեղաբաշխել ժամանակի մեջ, որոնք մասնակիորեն իրենց արտացոլումը կգտնեն երկրորդ կիսամյակի ծախսերում և վարկային պորտֆելի որակական ցուցանիշներում:

Կապիտալի բավարար բուֆերների առկայությունը ֆինանսական կայունության կարևոր նախապայման է, և բանկային համակարգը պետք է կիրառի կապիտալի կառավարման խելամիտ մոտեցումներ։ Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի պրուդենցիալ կարգավորման և մակրոպրուդենցիալ քաղաքականության միջոցառումները առավելապես ուղղված են կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցություններին բանկային համակարգի դիմակայման ունակության ամրապնդմանը։ Ինչպես արդեն նշվել է, ներկայումս բանկային համակարգը բավարար կապիտալացված է։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով համավարակի տարածման և տևականության հետ կապված անորոշություններից ածանցվող վարկային ռիսկի հետագա հնարավոր դրսևորումները, բանկային համակարգը պետք է կիրառի կապիտալի կառավարման զգուշավոր մոտեցումներ՝ ձեռնպահ մնալով շահաբաժիններ վճարելուց կամ հետաձգելով դրանց վճարման գործընթացը։

2020 թվականին ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է պրուդենցիալ միջոցառումներ, որոնք ուղղված են եղել համավարակի հետևանքով դրսևորված ռիսկերի պայմաններում բանկային համակարգի գործունեության անընդհատության ապահովմանը և կորուստների կլանման ունակության բարձրացմանը: Մասնավորապես, ԿԲ-ն 1 տոկոսային կետով նվազեցրել է հիմնական կապիտալի համարժեքության պահանջը: Այս միջոցառումը վերջին տարիների ՀՀ ԿԲ պրուդենցիալ կարգավորման գործողությունների օրակարգում էր, սակայն հետաձգվում էր վարկավորման գերտաքացման նախկին ռիսկերի առկայության պայմաններում:

Կապիտալի հակացիկլիկ բուֆերը պահպանվել է 0 տոկոս մակարդակում՝ առավելապես պայմանավորված վարկավորման գերտաքացման ռիսկերի նվազման սպասումներով:

ԿԲ իրականացրած վերոնշյալ միջոցառումները նպատակ ունեն ընդլայնելու բանկային համա­կարգի կողմից ռիսկերի կլանման ունակությունը՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով նախկինում ձևավորված կապիտալի բուֆերները օգտագործելու տնտեսության վարկավորման բնականոն պահանջարկը բավարարելու համար։