Ֆինանսական կայունության հաշվետվություն (2016թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՀՀ ֆինանսական համակարգը 2016 թ. առաջին կիսամյակում կրել է նախորդ տարվա ռիսկերի նյութականացման հետևանքով առաջացած վնասները: ՀՀ կենտրոնական բանկի ձեռնարկած գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել ոչ միայն պահպանել ֆինանսական շուկաների կայունությունը, այլև որոշակի աճ արձանագրել վարկավորման ու ավանդների ներգրավման մասով: Միջազգային շուկաներում 2016 թ. առաջին կիսամյակում պահպանվել է գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետությունում ներքին սպառման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը: Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունում պահպանվել է տնտեսական անկումը, ինչն իր հերթին բացասաբար է ազդել Հայաստանի Հանրապետություն փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և ՌԴ արտահանվող ապրանքների ծավալների վրա: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը, նախկինում տրված գնահատականների համեմատ, ավելի թույլ է եղել: Աշխարհաքաղաքական անհամաձայնությունները նպաստել են համաշխարհային առևտրի կրճատմանն ու մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը: Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները պահպանել են տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության ուղղությունը: Տարվա ընթացքում պահպանվել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների ցածր մակարդակը: Տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց, զարգացող երկրներում շարունակվել է կապիտալի արտահոսքը:
Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության երկրներում և Ռուսաստանում տնտեսական զարգացումներն անբարենպաստ են եղել, և դրանց բացասական ազդեցությունը ներքին տնտեսության վրա դեռևս շոշափելի է (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում և «Տնտեսական զարգացումները Ռուսաստանի Դաշնությունում» ներգիրում): 2016 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական աճը կազմել է 2.8% (2015 թ.՝ 3.0%), որը, ըստ էության, զգալի դանդաղել է առաջին եռամսյակում արձանագրված բավականին բարձր աճի համեմատ (4.4%): Աճին նպաստել է արդյունաբերության ճյուղում արձանագրված աճը, որը գերազանցել է կանխատեսված մակարդակը (մանրամասն տե՛ս «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» բաժնում): Ձևավորված գնանկումային միջավայրի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկի կողմից զգալիորեն թուլացվել են դրամավարկային պայմանները, ինչը մեղմել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման ազդեցությունը ներքին պահանջարկի վրա:
Տնտեսական աճի կայունության հետ կապված ռիսկերի պահպանման և համախառն իրական տնօրինվող եկամտի թույլ աճի պայմաններում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները նվազել են: Միևնույն ժամանակ, առևտրային բանկերին հաջողվել է ընդլայնել վարկային ու ավանդային պորտֆելները, բարելավել կապիտալի համարժեքությունն ու իրացվելիությունը: Վերջիններիս մասնավորապես նպաստել են ԿԲ կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պայմաններում բանկերի կողմից կանոնադրական կապիտալի համալրումները: Ֆինանսական համակարգի ռիսկերի աճի միտումներ չեն դիտարկվել. դրանք շարունակում են մնալ կառավարելի շրջանակում՝ չառաջացնելով ֆինանսական կայունության ապահովման խնդիրներ (մանրամասն տե՛ս «Ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական ենթակառուցվածքների կայունությունը» բաժիններում):