Ֆինանսական կայունության հաշվետվություն (2015թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՀՀ ֆինանսական համակարգը 2015 թ. առաջին կիսամյակում բախվել է արտաքին տնտեսությունից փոխանցված մի շարք ռիսկերի աճի հաղթահարման խնդրին, որն իր ազդեցությունն է ունեցել ֆինանսական շուկաների տատանողականության վրա: ՀՀ կենտրոնական բանկի և Կառավարության նախաձեռնած փոխհամաձայնեցված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել արագ կայունացնել իրավիճակը և ռիսկերի հետագա զսպման միջոցներ ձեռնարկել: 2015 թ. առաջին կիսամյակում շարունակվել է միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության արտահանման դոլարային արժեքի, Հայաստանի Հանրապետությունում ներքին սպառման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը: Աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ նվազել է Ռուսաստանի տնտեսական աճը, ինչն, իր հերթին, բացասաբար է ազդել Հայաստանի Հանրապետություն փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և ՌԴ արտահանվող ապրանքների ծավալների վրա: 2015 թ. առաջին կիսամյակում համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը, նախկինում տրված գնահատականների համեմատ, ավելի թույլ է եղել, ինչի արդյունքում տնտեսական աճի կանխատեսումները պարբերաբար վերանայվել են նվազման ուղղությամբ: Թեև ԱՄՆ-ին հաջողվել է գրանցել բարձր տնտեսական աճ, սակայն Եվրոգոտու երկրներում տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել, իսկ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպի նվազման միտումը պահպանվել է: Նշված զարգացումներն իրենց հերթին նպաստել են համաշխարհային առևտրի կրճատմանն ու մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը:
Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են վարել տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն: Կապիտալի արտահոսքը զարգացող երկրներում շարունակվել է` հանգեցնելով վերջիններիս ազգային արժույթների արժեզրկման: Կիսամյակի ընթացքում պահպանվել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների ցածր մակարդակը, իսկ ԱՄՆ ԴՊՀ տոկոսադրույքի բարձրացում միջազգային ֆինանսական շուկայի մասնակիցները սպասում են 2015 թ. չորրորդ եռամսյակից ոչ շուտ:
Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության որոշ երկրներում և Ռուսաստանում (մանրամասն տե՛ս «Տնտեսական զարգացումները ՌԴ-ում» ներգիրում) տնտեսական զարգացումներն անբարենպաստ են եղել, և դրանց բացասական ազդեցությունը ներքին տնտեսության վրա դեռևս շոշափելի է (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում): 2015 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական աճը կազմել է 4.0% (2014 թ.՝ 2.6%): Աճին նպաստել են գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերում արձանագրված աճերը, որոնք գերազանցել են կանխատեսումները (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): Պահանջարկի տեսանկյունից՝ տնտեսական ակտիվության աճին նպաստել են Կառավարության իրականացրած առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականությունն ու ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների զգալի թուլացումը, որոնք մեղմել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման ազդեցությունները:
Տնտեսական աճի կայունության հետ կապված ռիսկերի պահպանման և մասնավոր տրանսֆերտների նվազման պայմաններում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերը նվազել են: Դիտարկվող ժամանակահատվածում աճել է առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը՝ պայմանավորված ռիսկով կշռված ակտիվների նվազմամբ և կապիտալի աճով: Ֆինանսական համակարգի ռիսկերի աճի միտումը պահպանվել է, սակայն ռիսկերը շարունակում են մնալ կառավարելի շրջանակում՝ խնդիրներ չառաջացնելով ֆինանսական կայունության համար (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»):