Ֆինանսական կայունության հաշվետվություն (2014թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՀՀ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական ռիսկերն առաջին կիսամյակում պահպանվել են, իսկ հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները՝ ավելացել: Զարգացած երկրներում տնտեսական աճի վերականգնումը, թեև անհաստատ տեմպերով, շարունակվել է, իսկ զարգացող երկրների տնտեսական աճի հեռանկարն առավել անբարենպաստ է: Միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների նվազումը, ՀՀ-ում արդյունաբերության ճյուղի անկումը և վատ եղանակային պայմանները նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղմանը: Աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվել Ռուսաստանի տնտեսական աճի համար, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների և դեպի ՌԴ արտահանման ծավալների վրա: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է նաև ընթացիկ կիսամյակում, թեև ԱՄՆ քանակական ընդլայնման քաղաքականության դադարեցումն ու աշխարհաքաղաքական զարգացումները ավելացրել են նվազման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում անբարենպաստ եղանակային պայմանների և ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրադարձությունների հետևանքով կանխատեսվածից ցածր տնտեսական աճ է գրանցվել: Զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղման միտումն ամրապնդվել է, ինչն էլ իր հերթին նպաստել է մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը:
Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են վարել տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն: Կիսամյակի ընթացքում պահպանվել է դրամավարկային տոկոսադրույքների աննախադեպ ցածր մակարդակը, իսկ ԱՄՆ ԴՊՀ-ն շարունակել է հայտարարված քանակական խթանման ծրագրի ծավալների կրճատումը: ՀՀ հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության որոշ երկրներում և Ռուսաստանում տնտեսական զարգացումները սպասվածի համեմատ անբարենպաստ են եղել, թեև դրանց ազդեցությունը ներքին տնտեսության վրա դեռևս թույլ է, մասնավորապես՝ կիսամյակի ընթացքում արձանագրվել է ինչպես ապրանքների արտահանման, այնպես էլ մասնավոր դրամական փոխանցումների աճի տեմպերի նվազում (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):
Ըստ 2014 թ. առաջին վեց ամիսների տվյալների՝ ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.4% (2013-ի առաջին կիսամյակում՝ 3.5%): Աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղի անկմամբ և մյուս ճյուղերի աճի տեմպերի նվազմամբ (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): Կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելի աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց դիտարկվել է կապիտալի համարժեքության նվազման տեմպի դանդաղում: ՀՀ բանկային համակարգը պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը թեև որոշ դեպքերում ցուցաբերել են աճի միտում, սակայն շարունակել են մնալ կառավարելի շրջանակում՝ ռիսկեր չառաջացնելով ֆինանսական կայունության համար (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»):