Ֆինանսական կայունության հաշվետվություն (2011թ. առաջին կիսամյակ)

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Կիսամյակի ընթացքում Հայաստանի ֆինանսական կայունությունը խոցող ռիսկերի աճ չի դիտարկվել, ընդ որում՝ գրանցված բոլոր փոփոխությունները լրացուցիչ ամրապնդել են համակարգի ֆինանսական կայունությունը: Արդյունաբերական նշանակության հումքային ապրանքատեսակների գների աճը, ինչպես նաև տրանսֆերտների ներհոսքի և ներքին պահանջարկի վերականգնումը նպաստել են ՀՆԱ աճին: Միաժամանակ, դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսից միջազգային շուկաներում հիմնական ապրանքատեսակների, հիմնականում՝ պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչպես նաև ներքին արտադրության գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կտրուկ նվազումը տարվա առաջին կեսին պահպանել են բարձր գնաճային միջավայրը՝ ավելացնելով գնաճային սպասումները և բացասաբար ազդել բնակչության իրական եկամուտների վրա: Ֆինանսական համակարգում ռիսկերի մակարդակների վատթարացում չի արձանագրվել, ամրապնդվել են հետագա դրական զարգացումների սպասումները: Բանկային համակարգը վերականգնել է վարկավորման աճը, սակայն վարկառուների գնահատման գործընթացում դեռևս շարունակում է մնալ առավել պահպանողական:

Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է, չնայած ավելացել են տնտեսական աճի՝ դանդաղման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում պահպանվել են պետական և մասնավոր պարտքի բեռի բարձր մակարդակները, որոնք սահմանափակում են պետական միջամտության հնարավորությունները և արգելակում պահանջարկի աճը, տնտեսության հետագա աշխուժացումը: Այս բարդ իրավիճակում կարևորվում է բոլոր պետությունների կողմից խիստ փոխհամաձայնեցված քաղաքականությունների իրականացումը, ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության բարեփոխումների միասնական մոտեցումների կիրառումը: Արդյունաբերական և պարենային ապրանքների գների շարունակվող աճի պայմաններում գնաճի զսպման խնդիրը առաջնային է դարձել նաև զարգացած երկրների համար` առաջ բերելով հետագա տնտեսական աճի զսպման ռիսկեր: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ Ռուսաստանում, Եվրոմիության տարածաշրջանում վերականգնումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում, ինչը հնարավոր է բացասական ազդեցություններ ունենա ՀՀ տնտեսության վրա արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2011 թ. առաջին կիսամյակի ՀՀ տնտեսական աճը կազմել է 2.7%: Աճ գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից, որտեղ դեռևս ցածր են մասնավոր միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները: 2011թ. առաջին եռամսյակում բարձր գնաճային միջավայրի պահպանման պայմաններում ԿԲ-ն անցում է կատարել դրամավարկային պայմանների աստիճանական խստացման քաղաքականությանը և տարեսկզբից երեք անգամ` գումարային 1.25 տոկոսային կետով, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հետագա ամիսներին ԿԲ-ն առավելապես իրականացրել է չեզոք քաղաքականություն, վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` ձեռնպահ մնալով դրամավարկային պայմանների խստացումից: Հունիս ամսվա տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%՝ բարձր մնալով նպատակային թիրախից 3 (մանրամասն տե՛ս «Ֆինանսական կայունությունը ՀՀ մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):

ՀՀ առևտրային բանկերը, պահպանելով նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր, 2011 թ. առաջին կիսամյակում գրանցել են աճի ցուցանիշներ: Բանկային համակարգի շահութաբերությունը կիսամյակի ընթացքում աճել է, մասնավորապես` շահութաբերությունն ըստ ակտիվների կազմել է 2.2%, իսկ ըստ կապիտալի՝ 11.7%: Բանկային համակարգը և վարկային կազմակերպությունները շարունակել են վարկավորման պայմանների դյուրինացումը, և տնտեսության վարկավորման աճը պահպանվել է` կազմելով 18% (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» բաժնում):