Ֆինանսական կայունության հաշվետվություն (2010թ. առաջին կիսամյակ)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Ամփոփելով կիսամյակի զարգացումները՝ կարելի է ասել, որ Հայաստանում հաջողվել է նվազեցնել ճգնաժամի բացասական ազդեցությունները, տնտեսությունը թևակոխել է աշխուժացման փուլ, սակայն տնտեսական վերականգնումը անհաստատ է, ու նախաճգնաժամային երկնիշ տնտեսական աճին վերադառնալու հավանականությունը դեռևս շատ փոքր է: Վերջին ճգնաժամն առավել ակնառու է բացահայտել ՀՀ տնտեսության կառուցվածքային թերությունները, որոնց վերացումը ներկայումս իրականացվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է: Աշխարհի տարբեր երկրների կողմից իրականացված կոորդինացված քաղաքականությունների շնորհիվ հաջողվել է մեղմել համաշխարհային տնտեսությանն ու ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերը: Զարգացած և մի շարք զարգացող երկրներում դեռևս որոշակի ճշգրտումներ իրականացնելու անհրաժեշտություն կա, մասնավորապես՝ ամրապնդելու տնային տնտեսությունների եկամուտներն ու ֆինանսական դրությունը, կայունացնելու և հետագայում նվազեցնելու պետական պարտքը, բարեփոխումներ իրականացնելու ֆինանսական համակարգերում: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոմիության տարածաշրջանում, դանդաղ վերականգնում է սպասվում (առավել մանրամասն` «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):
2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 6.2% տնտեսական աճ, տարեսկզբին կանխատեսված մակարդակը չի ապահովվել` կապված անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գյուղատնտեսության ճյուղի անկմամբ: Գրանցվել են արտաքին առևտրի և մասնավոր տրանսֆերտների դրական աճի ցուցանիշներ, սակայն նախաճգնաժամային մակարդակը դեռ չի վերականգնվել: Համաշխարհային և ներքին տնտեսության վերականգնման տեմպերի արագացման, հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների՝ նախորդ տարվանից փոխանցվող ընդլայնողական ազդեցությունների, ինչպես նաև բացասական սպասումներով պայմանավորված՝ դրամի արժեզրկման դրսևորումների պայմաններում 2010 թ. առաջին կիսամյակում ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.25 տոկոսային կետով` սահմանափակելով ծավալային ընդլայնմանն ուղղված գործիքները: Արդյունքում՝ 12-ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է` երկրորդ եռամսյակի ավարտին ընդհուպ մոտենալով գնաճի նպատակային միջակայքի վերին սահմանին: Գնաճային միջավայրի թուլացմանը նպաստել է նաև բյուջեի պակասուրդի զգալի կրճատումը: Ընթացիկ տարում Հայաստանում զգալի կրճատվել է գյուղատնտեսության ճյուղի թողարկումը, շինարարական խոշոր նախագծեր արդեն ավարտվում են: Այդ զարգացումների պայմաններում ակնկալվում է, որ տնտեսական աճը, երրորդ եռամսյակից սկսած, որոշակի կդանդաղի և կզիջի 2010 թ. համար կանխատեսված 3-4% մակարդակին (առավել մանրամասն` «Ֆինանսական կայունությունը ՀՀ մակրոտնտեսական միջավայրում» բաժնում):
ՀՀ առևտրային բանկերը, պահպանելով նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր, 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում գրանցել են աճի ցուցանիշներ: Բանկային համակարգը և վարկային կազմակերպությունները շարունակել են վարկավորման պայմանների դյուրինացումը և տնտեսության վարկավորման աճը պահպանվել է (մանրամասն` «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» բաժնում):