Ֆինանսական կայունության հաշվետվություն (2021թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2021 թվականին տնտեսական ակտիվության վերականգնման և համավարակի նոր ալիքների տարածմամբ պայմանավորված պահպանվող անորոշությունների պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է ապահովել ֆինանսական միջնորդության գործառույթի անընդհատությունը։ Տարվա ընթացքում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված նոր վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է։ Համեմատաբար բարձր աճ արձանագրվել է ավանդների գծով, որի արդյունքում արդեն իսկ տարվա առաջին եռամսյակում ամբողջովին վերականգնվել էր ավանդների մինչպատերազմյան մակարդակը։ Ֆինանսական համակարգի կողմից վարկավորման պայմանների զգալի խստացումներ տարվա ընթացքում չեն արձանագրվել։
Բանկային համակարգի վարկային պորտֆելը նվազել է, որն առավելապես պայմանավորվել է ցածր տնտեսական ակտիվությամբ և վարկային ռեսուրսների համեմատաբար թույլ պահանջարկով։ Վարկային պորտֆելի կրճատմանը նպաստել են նաև նախորդ տարվա շոկերի արդյունքում վարկային ռիսկերի հետաձգված նյութականացումը և ՀՀ դրամի արժևորման արդյունքում վարկային պորտֆելի դրամային համարժեքի նվազումը։ Միայն փոխարժեքի ազդեցությունը բացառելու պարագայում ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը գրեթե զրոյական է։
Տնային տնտեսություններին տրամադրված վարկային պորտֆելի կառուցվածքում հիպոտեկային վարկերի տեսակարար կշիռն ավելացել է՝ վերջին տարիներին դրանց բարձր աճի տեմպերի պահպանման արդյունքում։ Սպառողական վարկերի նվազման և հիպոտեկային վարկերի բարձր աճի պայմաններում վերջիններիս կշիռը տնային տնտեսությունների վարկային պորտֆելի կառուցվածքում նշանակալի մեծացել է։ Վերջին տարիներին հիպոտեկային վարկերի բարձր աճի տեմպերի պահպանումը հիմնականում պայմանավորված է վարկերի տոկոսագումարների՝ վճարված եկամտահարկից վերադարձի գործող պետական ծրագրով։ Հիպոտեկային վարկերի գծով արձանագրված բարձր աճի տեմպերը հնարավոր ավելցուկային կամ ռիսկային վարկավորման ազդակներ են պարունակում, որին Կենտրոնական բանկն արձագանքել է պահանջ-գրավի արժեք ցուցանիշի (LTV) գործիքի ներդրմամբ։
Տնտեսական ակտիվության վերականգնմանը և վարկային ռիսկի նվազմանը զուգընթաց գրանցվել է վարկային պորտֆելի որակի բարելավում։ Տարեվերջի դրությամբ չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում էականորեն նվազել է և պատմականորեն ցածր մակարդակում է։ Ընդ որում, չաշխատող վարկերի տեսակարար կշռի նվազում գրանցվել է բոլոր հիմնական վարկատեսակներով։ Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է նաև վարկային կորուստների միջին մեծությունը, այնուամենայնիվ, ոչ սթրեսային տարիների համեմատությամբ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր մակարդակում։
Բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները տարվա ընթացքում բարելավվել են։ Բանկային համակարգը մշտապես պահպանել է պահանջվող նվազագույն սահմանաչափը գերազանցող կապիտալի համարժեքություն, ինչը նախադրյալներ է ընձեռում հնարավոր կորուստները կլանելու և գործունեության անընդհատությունն ապահովելու համար։ Վարկային պորտֆելի համեմատությամբ ավանդային պորտֆելի առաջանցիկ աճի արդյունքում արձանագրվել է համակարգի իրացվելիության դիրքի շարունակական բարելավում։
Բանկային համակարգը 2021 թվական է մուտք գործել եկամտաբերության էապես ցածր ցուցանիշներով՝ գտնվելով նախորդ տարվա շոկերի պահպանվող անբարենպաստ ազդեցության ներքո: Համակարգի եկամտաբերությունը որոշակիորեն սկսել է վերականգնվել երկրորդ կիսամյակի ընթացքում։ Վերջին տարիներին բանկային համակարգի եկամտաբերության ցածր մակարդակը պայմանավորված է խորացող մրցակցության հետևանքով զուտ տոկոսային մարժայի կրճատմամբ, ինչպես նաև առավել հաճախ կրկնվող շոկային իրադարձություններով, որոնք հանգեցնում են վարկային կորուստների գծով ծախսերի մեծացմանը։
Եկամտաբերության ցածր մակարդակը շարունակում է մնալ ՀՀ բանկային համակարգի հիմնական մարտահրավերներից մեկը՝ զսպող ազդեցություն ունենալով համակարգի զարգացման և կարողությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային ներուժի վրա։ Հաշվի առնելով վերջին տարիներին ֆինանսական միջնորդության ընդլայնման առաջանցիկ աճի տեմպերը և անընդհատ խորացող մրցակցությունը՝ բանկային պորտֆելների էքստենսիվ աճի և մասշտաբի էֆեկտի միջոցով եկամտաբերության բարելավումն այլևս չի կարող դիտարկվել որպես անհրաժեշտ եկամտաբերության ապահովման հիմնարար և միակ ուղղություն։ Ուստի կարևոր է, որ ՀՀ ֆինանսական համակարգն ապահովի միջնորդության որակական և շոշափելի փոփոխություններ՝ ապահովելով համակարգի թվայնացման, առաջարկվող գործիքակազմի և ռիսկերի կառավարման համակարգերի շարունակական բարելավում։
ԿԲ իրականացրած մակրոպրուդենցիալ քաղաքականությունն ուղղված է եղել համակարգի կողմից տնտեսության վարկավորման անընդհատության պահպանմանը և արտարժութային իրացվելիության բուֆերների հետագա բարելավմանը։ Հակացիկլիկ կապիտալի բուֆերը տարվա ընթացքում պահպանվել է 0% մակարդակում, որի համար հիմք են հանդիսացել վարկային շուկայի զարգացումները և ֆինանսական ցիկլի վրա ՀՀ տնտեսության դիրքը։ Տարվա ընթացքում ըստ հիմնական ոլորտների վարկավորման զարգացումները համասեռ չեն եղել, և վարկավորման ակնառու բարձր աճի տեմպեր գրանցվել են միայն հիպոտեկային վարկերի գծով։ Հիպոտեկային վարկերի և անշարժ գույքի շուկայից բխող ռիսկային զարգացումներն արդյունավետ հասցեագրելու համար ԿԲ-ն ներդրել է պահանջ/գրավի արժեք սահմանային հարաբերակցության մակրոպրուդենցիալ գործիքը, որն ուժի մեջ է 2022 թվականի ապրիլից։
Արտարժութային իրացվելիության բուֆերների հետագա ամրապնդման նպատակով շարունակվել է պարտադիր պահուստավորման արտարժութային բաղադրիչի ավելացումը, որի արդյունքում համակարգի արտարժութային իրացվելիությունը ևս տարեվերջին եղել է աննախադեպ բարձր մակարդակում: