Ֆինանսական կայունության հաշվետվություն (2018թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2018 թվականին ներքին տնտեսական բարձր աճի, աշխատաշուկայի դրական զարգացումների, մեղմ դրամավարկային քաղաքականություն պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգը պահպանել է ֆինանսական կայունությունը՝ ապահովելով վարկային և ավանդային պորտֆելների աճ:
2018 թ. շարունակվել է համաշխարհային տնտեսական աճը, թեև տարվա երկրորդ կեսին արձանագրվել է տեմպերի դանդաղում, և միտումը, ըստ ամենայնի, կպահպանվի ինչպես 2019 թվականին, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում:
ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրոգոտում և Ռուսաստանում ևս ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում: Տարվա ընթացքում աճել է առանցքային երկրների կողմից առևտրային հովանավորչական քաղաքականության կիրառման ռիսկը, ինչը բացասաբար է անդրադարձել և կշարունակի անդրադառնալ համաշխարհային առևտրի աճի տեմպերի, հետևաբար նաև՝ համաշխարհային տնտեսական աճի վրա:
Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ընդգծված կլինեն զարգացող երկրների՝ կանխատեսվածից դանդաղ տնտեսական վերականգնումը, ֆինանսական շուկաներում ֆինանսական պայմանների խստացումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակի անբարենպաստ զարգացումներով պայմանավորված ռիսկերը:
Տնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում որոշ երկրներ շարունակել են նվազեցնել ընդլայնող դրամավարկային քաղաքականության մասշտաբները՝ հայտարարելով հետագայում դրա դադարեցման հավանականության մասին։ Զարգացող երկրներում արձանագրվել է կապիտալի արտահոսք՝ պատճառ դառնալով տնտեսական աճի տեմպերի դանդաղման և ազգային արժույթների արժեզրկման ճնշումների:
Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության երկրներում և Ռուսաստանում ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է համեմատաբար ցածր տնտեսական աճ, ինչը թեև դեռևս արտաքին պահանջարկի նվազման չի հանգեցրել, սակայն բացասաբար է անդրադարձել դեպի Հայաստանի Հանրապետություն դրամական փոխանցումների ներհոսքի վրա (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժինը):
ՀՀ տնտեսական աճը 2018 թ. կազմել է 5․2%: Վերջինս հիմնականում ապահովվել է մասնավոր սպառման աճի և տնտեսության վարկավորման աճի հաշվին, ինչին իր հերթին մեծ նպաստում է ունեցել ՀՀ ԿԲ խթանող դրամավարկային քաղաքականությունը (մանրամասն տե՛ս «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» բաժինը):
2018 թ. ներքին և արտաքին մակրոտնտեսական զարգացումների պայմաններում ԿԲ-ն չի փոփոխել դրամավարկային քաղաքականության խթանող ուղղությունը․ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 6.0%:
2018 թ. տնտեսական ակտիվության պահպանման և աշխատաշուկայի դրական զարգացումների պայմաններում ֆինանսական համակարգում արձանագրվել է վարկավորման ծավալների աճ: Դրամավարկային մեղմ քաղաքականության պայմաններում պահպանվել է նաև վարկերի ու ավանդների տոկոսադրույքների նվազման միտումը: Վարկավորման աշխուժացմանը զուգընթաց գրանցվել է վարկային ռիսկի կայունացման միտում՝ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել է: Վարկային պորտֆելի ընդլայնման պայմաններում բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները թեև նվազել են, սակայն շարունակում են մնալ ԿԲ նորմատիվային նվազագույն սահմանաչափերից բավականին բարձր:
Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում արձանագրվել է գործունեության ծավալային ընդլայնում, իսկ նորմատիվային ցուցանիշները պահպանվել են պահանջվող միջակայքերում:
Արտաքին և ներքին մակրոտնտեսությունից ՀՀ ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի որոշակի աճի պայմաններում ֆինանսական համակարգը ցուցաբերել է ռիսկերի կլանման բարձր ունակություն՝ ապահովելով ֆինանսական կայունության անհրաժեշտ մակարդակ (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» բաժինը)։