Ֆինանսական կայունության հաշվետվություն (2016թ. տարեկան)
«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն», «Գնաճի հաշվետվություն», «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:
ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՀՀ ֆինանսական համակարգը 2016 թվականին կրել է նախորդ տարիների ռիսկերի նյութականացման հետևանքով առաջացած վնասները: Տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ձեռնարկած գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել պահպանել ֆինանսական շուկաների կայունությունը, արձանագրել վարկավորման ու ավանդների ներգրավման որոշակի աճ, բանկային համակարգի կողմից ապահովել շահույթ ու ֆինանսական կայունության ցուցանիշների բարելավում: Միջազգային շուկաներում պահպանվել է գունավոր մետաղների գների ցածր մակարդակը, միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում ներքին սպառման թույլ վերականգնումը, օտարերկրյա ներդրումների նվազումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում պահպանվող տնտեսական անկումը նպաստավոր պայմաններ չեն ապահովել Հայաստանի Հանրապետություն փոխանցվող մասնավոր տրանսֆերտների աճի, տնտեսական ակտիվության վերականգնման համար:
Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը, նախկինում տրված գնահատականների համեմատ, առավել թույլ է եղել: Աշխարհաքաղաքական անհանգստությունները նպաստել են համաշխարհային առևտրի սահմանափակ աճին ու մի շարք բորսայական ապրանքատեսակների ցածր գների պահպանմանը:
Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները պահպանել են տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության ուղղությունը, իսկ տոկոսադրույքի` շուկաներում երկար սպասված բարձրացումը ԱՄՆ ԴՊՀ կողմից իրականացվել է միայն տարեվերջին: Զարգացող երկրներում կապիտալի արտահոսքը զուգակցվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղման հետ, իսկ դրամավարկային մարմիններն առավելապես հարել են ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը:
Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրոմիության երկրներում և Ռուսաստանում (մանրամասն տես «Տնտեսական զարգացումները Ռուսաստանի Դաշնությունում» ներգիրում) տնտեսական զարգացումների էական բարելավում չի գրանցվել, ինչը սահմանափակել է արտաքին պահանջարկի պատշաճ աճը, կապիտալ ներդրումների ու դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստանի Հանրապետություն (մանրամասն տե՛ս «Համաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում): ՀՀ տնտեսական աճը 2016 թ. կազմել է 0.2% (2015 թ.` 3.0%), որը, ըստ էության, ապահովվել է արդյունաբերության ու ծառայությունների աճի հաշվին, անկում է գրանցվել շինարարության ու գյուղատնտեսության ճյուղերում (մանրամասն տե՛ս «Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): Ձևավորված գնանկումային միջավայրի պարագայում ՀՀ կենտրոնական բանկը զգալիորեն թուլացրել է դրամավարկային պայմանները, ինչը հատկապես դրական է անդրադարձել մասնավոր սպառման վրա: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը համապատասխան ազդեցություն է ունեցել ինչպես միջբանկային, այնպես էլ վարկային ու ավանդային շուկաներում տոկոսադրույքների նվազման վրա:
Առևտրային բանկերը կարողացել են գրանցել վարկային ու ավանդային պորտֆելների աճ, ապահովել շահութաբերություն: Կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշները բարելավվել են, ինչին մասնավորապես նպաստել են ԿԲ կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պարագայում բանկերի կանոնադրական կապիտալի համալրումները:
Դիտարկվել են ֆինանսական համակարգի ռիսկերի նվազման միտումներ, այդ ռիսկերը պահպանվում են կառավարելի շրջանակում` չառաջացնելով ռիսկեր ֆինանսական կայունության պահպանման համար (մանրամասն տե՛ս «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»):