Ֆինանսական կայունության հաշվետվություն (2015թ. տարեկան)​​

«Ֆինանսական կայունության հաշվետվությունում» ներկայացված են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող հավանական ռիսկերի գնահատումը և ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը չեզոքացնելու կարողությունը: Հաշվետվությունում ներառված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վերլուծությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հրապարակվում է  «ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն»,  «Գնաճի հաշվետվություն»,  «ՀՀ ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» պարբերականներում:

 ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

ՀՀ ֆինանսական համակարգը 2015 թ. բախվել է արտաքին տնտեսությունից փոխանցված մի շարք ռիսկերի աճի հաղթահարման խնդրին, որն իր ազդեցությունն է ունեցել ֆինանսական շուկաների կայունության, բանկային համակարգի ցուցանիշների աճի տեմպի վրա: ՀՀ կենտրոնական բանկի և Կառավարության նախաձեռնած փոխհամաձայնեցված գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել արագ կայունացնել իրավիճակն արդեն իսկ առաջին եռամսյակում և ռիսկերի հետագա զսպման միջոցներ ձեռնարկել:

2015 թ. միջազգային շուկաներում պահպանվել է գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության արտահանման դոլարային արժեքի, Հայաստանի Հանրապետությունում ներքին սպառման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը: Աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված՝ նվազել է Ռուսաստանի տնտեսական աճը, ինչն, իր հերթին, բացասաբար է ազդել Հայաստանի Հանրապետություն փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և ՌԴ արտահանվող ապրանքների ծավալների վրա:

2015 թ. համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը, նախկինում տրված գնահատականների համեմատ, ավելի թույլ է եղել, տնտեսական աճի կանխատեսումները տարվա ընթացքում պարբերաբար վերանայվել են նվազման ուղղությամբ: Թեև ԱՄՆ-ին հաջողվել է գրանցել բարձր տնտեսական աճ, սակայն Եվրոգոտու երկրներում տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել, իսկ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպի նվազման միտումը պահպանվել է: Նշված զարգացումները նպաստել են համաշխարհային առևտրի կրճատմանն ու մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը:

Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները պահպանել են տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության ուղղությունը: Կապիտալի արտահոսքը զարգացող երկրներում շարունակվել է` առաջացնելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումներ: Տարվա ընթացքում պահպանվել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների ցածր մակարդակը, ԱՄՆ ԴՊՀ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է դեկտեմբերին:

Հայաստանի Հանրապետության հիմնական առևտրային գործընկեր Եվրամիության երկրներում և Ռուսաստանում (մանրամասն տե՛ս «Տնտեսական զարգացումները Ռուսաստանի Դաշնությունում» ներգիրում) տնտեսական զարգացումներն անբարենպաստ են եղել, և դրանց բացասական ազդեցությունը ներքին տնտեսության վրա դեռևս շոշափելի է (մանրամասն տե՛ս «Հաաշխարհային տնտեսության զարգացումները» բաժնում):

2015 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.0% (2014 թ.՝ 3.4%): Աճին նպաստել են գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերում արձանագրված աճերը, որոնք գերազանցել են կանխատեսված մակարդակը (մանրամասն տե՛ս Զարգացումները Հայաստանի մակրոտնտեսական միջավայրում» բաժնում): Պահանջարկի տեսանկյունից՝ տնտեսական ակտիվության աճին նպաստել են Կառավարության իրականացրած առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականությունն ու ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների զգալի թուլացումը, որոնք մեղմել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման ազդեցությունները:

Տնտեսական աճի կայունության հետ կապված ռիսկերի պահպանման և մասնավոր տրանսֆերտների նվազման պայմաններում բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերը նվազել են: Դիտարկվող ժամանակահատվածում աճել են առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության և իրացվելիության նորմատիվային ցուցանիշները՝ պայմանավորված ռիսկով կշռված ակտիվների նվազմամբ, կապիտալի աճով, վարկերի նվազմամբ:

Ֆինանսական համակարգի ռիսկերի աճի միտումը պահպանվել է, սակայն դրանք շարունակում են մնալ կառավարելի շրջանակում՝ չառաջացնելով ֆինանսական կայունության ապահովման խնդիրներ (մանրամասն տ՛ես «ՀՀ ֆինանսական հաստատությունների կայունությունը» և «Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»):